Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Ստամբուլի Հայ բողոքական եկեղեցին պահանջում է վերադարձնել 1980 թվականի ռազմական հեղաշրջման արդյունքում խլված մանկատունը։ Վերջինս գտնվում է Ստամբուլի Թուզլա շրջանում։ Այն վերադարձնելու նպատակով Հայ բողոքական եկեղեցին պաշտոնական դիմում է հղել Թուրքիայի գլխավոր տնօրինությունների հիմնադրամին։
Դրանում հիշեցվում է, որ նախկինում այդ մանկատանն ապրել են որբերը կամ աղքատ ընտանիքների երեխաները, ապա հավելվում է, որ եթե պետությունը հիրավի բարի նպատակներ ունի, ապա պետք է երեխաներին վերադարձնի մանկատունը։
Հայ բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գրիգոր Աղաբալօղլուն հայտարարել է, որ իրենք այդ կապակցությամբ դատական հայց են ներկայացնելու և անգամ այն հասցնելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Աղաբալօղլուն ընդգծել է, որ այդ մանկատանն է կրթվել նաև Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը։











































