«Ես իմ կյանքից միայն քաղաքականությունը կջնջեի: Դա այն միակ բանն է, որին մասնակից լինելու համար զղջում եմ, չնայած արած բանի համար երբեք չեն զղջում»,– «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անկեղծացավ երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը:
«Ավելորդ էնտուզիազմ է, ավելորդ էներգիա է խլում»,- խոստովանեց երգիչը` կատակով հավելելով, որ «եթե մի տեղ գժություն չկա՝ արդեն վատ է»:
Երգչի խոսքով` եթե իր մեջ մի քիչ հավատ է մնացել աշխատանքի նկատմամբ, դա էլ երևի քաղաքականությունից կտրվելու հետևանքով է:
«Ուզում եմ, որ լավ լինի»,- նշեց երգիչը:
Մեր այն հարցին` արդյո՞ք ինքը մասնակցում է հասարակական նախաձեռնություններին, բնապահպանական շարժումններին, Ամալյանը պատասխանեց, որ «հոգեպես մասնակցում է, ֆիզիկապես՝ ոչ»:
«Երբ բանը բանից անցնի, զգամ, որ իմ ներկայությունը շատ զգալի է, ես էլ կլինեմ այդտեղ, բայց բոլոր ընդվզումներին կողմ եմ, այսինքն` այն ընդվզումներին, որոնք տրամաբանական են»,- հավելեց երգիչը՝ ընդգծելով, որ բնապահպանական շարժումները համարում է ճիշտ ու կարևոր մեր հասարակության համար:







































