Կառավարությունն այսօր նիստում փոփոխություններ է կատարել «Սևան» ազգային պարկին և դրան հարող տարածքներին վերաբերող նախկին որոշման մեջ, ինչը պայմանավորված է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ժամանակացույցի ցուցանիշների ճշգրտման անհրաժեշտությամբ։
Գործադիրը որոշել է Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում ՊԵԿ-ի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով (առանց կառուցապատման) տրամադրել 22.5 հա հողամաս` վարձավճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով։ Հողամասը կից է ՊԵԿ-ին սեփականության իրավունքով պատկանող «Դիլիջանի ստեղծագործական տուն» համալիրին, որը վերածվելու է միջազգային ուսուցողական կենտրոնի։
Գործադիրը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և «Սպայկա» ՍՊԸ-ին թույլատրել 300 մլն դրամը գերազանցող 15 քարշակների և 15 կիսակցորդների ներմուծման ժամանակ գոյացած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2012 թ. փետրվարի 1-ը։ «Բազում ֆիրմա» արտադրական կոոպերատիվի ներմուծած ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թ. նոյեմբերի 5-ը։
Փոփոխվել են նաև համանման կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը, հստակեցվել է գնահատման մեթոդաբանությունը ներդրումային այն ծրագրերի համար, որոնք իրականացնելիս անհրաժեշտ չէ գնահատել որոշ չափորոշիչներ։









































