Ինչպես Al-Sharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի ազգային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ Ահմադ Ռամադանը` երկու եվրոպական և մի քանի արաբական երկրներ ծրագիր են մշակում, որով նախատեսվում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին անմիջապես հեռացնել երկրից:
«Մենք տեղեկացված ենք, որ երկու եվրոպական և որոշ արաբական երկրներ աշխատում են Ասադին Սիրիայից հեռացնելու ուղղությամբ»,- ասել է նա, սակայն չի նշել, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:
Ռամադանի կարծիքով՝ եթե «Ասադը ինքնուրույն հեռանա, նա կարող է խուսափել այն սցենարից,՛ որն իր համար ընտրեց Մուամար Քադաֆին»: Նաև նշել է. «Սիրիայում հեղափոխության հաղթանակը կախված է այն բանից, թե որքան համընդհանուր կլինի վարչակարգի մեկուսացումը»՝ ավելացնելով, որ այս կոնտեքստում Իրանը սխալ է գործում՝ Ասադին պաշտպանելով:
Սիրիայում արդեն ավելի քան 9 ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի ժամանակ, ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, զոհվել է ավելի քան 5000 մարդ:









































