Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ակտիվ քարոզչություն է իրականացվում «Թուրքական անձնագիր» փաստագրական ֆիլմի շուրջ։ Համապատասխան վարձակալության կետերն ագրեսիվ կամպանիա են ձեռնարկել։
Այդ ֆիլմը պատմում է, թե ինչպես են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք դիվանագետները հիտլերյան Գերմանիայի կողմից օկուպացված Եվրոպայում «փրկել» հրեաներին։ Ֆիլմը հենված է 19 թուրք դիվանագետների և նրանց կողմից «փրկված» հրեաների հուշերի վրա։
Ֆիլմի պրոդյուսեր Գյունեշ Չելիքջանը հայտարարել է, որ թեև այդ պատերազմի ժամանակ Թուրքիան չեզոք է մնացել (պատերազմի ավարտից հետո միջազգային մեկուսացումից փրկվելու համար Թուրքիան 1945 թվականի փետրվարի 23-ին ձևականորեն պատերազմ է հայտարարել Գերմանիային ու Ճապոնիային.– 1-in.am), թուրք դիվանագետներին «հաջողվել» է Եվրոպայում փրկել մոտ 2000 հրեայի, սակայն փրկվածների ստույգ քանակը հայտնի չէ։
Չելիքջանը վստահեցրել է, որ այս ֆիլմի թողարկումն «ամենևին էլ պայմանավորված չէ» թուրք-իսրայելական հարաբերություններում առկա ներկայիս լարվածությամբ։ Ի պատասխան՝ Jerusalem Post-ի մեկնաբան Հիլ Հոֆֆմանը և Ստամբուլում Իսրայելի նախկին մշակութային կցորդ Բատյա Կեյնանը մեծ հոդված են տպագրել, որում հայտնել են իրենց անհամաձայնությունը Չելիքջանի հետ։
Հոդվածում ասվում է. «Այդ ֆիլմը պատմություն է վերարտադրում։ Դրա նպատակը տպավորություն գործելն է, թե թուրքական կառավարությունն ակտիվորեն հրեաներին փրկել է օկուպացված Եվրոպայում։ Սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Պատմական փաստաթղթերը չեն վկայում թուրք դիվանագետների նմանատիպ գործունեության մասին։
Թուրքիան փորձում է այս ֆիլմն օգտագործել որպես քարոզչական զենք։ Թուրքերն ասում են, թե տեսեք՝ մենք ձեզ պաշտպանել ենք Հոլոքոսթի ժամանակ և այժմ էլ պաշտպանում ենք պաղեստինցիներին։ Իսկ դուք ի՞նչ եք անում. մեզ վրա եք կրակում «Մավի Մարմարա»-ում»։










































