Հայ ազգային կոնգրեսը ողջունել է «Ժառանգության» և Դաշնակցության համատեղ հայտարարությունը, որ վերաբերում է խորհրդարանի ընտրություններում 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուն: Այդ պահանջով «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը համատեղ հայտարարությամբ դիմել են իշխող մեծամասնությանը, որպեսզի Ընտրական օրենսգրքում կատարվի համապատասխան փոփոխություն:
Կոնգրեսը, ըստ էության, միանում է այդ հայտարարությանը: Սա կարելի է համարել աննախադեպ մի բան, քանի որ դժվար է հիշատակել քաղաքական մի ակտ, որում երեք ուժերը հանդես գան այդօրինակ ներդաշնակ մոտեցումներով: Այսինքն՝ ընդդիմադիր դաշտը կազմող երեք հիմնական միավորները կարծես թե հայտնվում են միասնական ինչ-որ պլատֆորմի վրա: Ընդ որում, պետք է ասել, որ պլատֆորմի վրա կարող է տեղ գտնվել նաև այլ քաղաքական ուժերի համար: Մասնավորապես, համամասնական ընտրակարգի բացարձականացմանը կողմ է արտահայտվել նաև Ազատ-դեմոկրատներ նորաստեղծ կուսակցությունը: Հարցն այն է, թե այս բոլոր ուժերը մինչև ի՞նչ աստիճանի կարող են խորացնել իրենց համագործակցությունը այս հարցի շուրջը, և արդյոք կարո՞ղ են այս հարցից էլ այն կողմ անցնել ու համագործակցել ընդհանրապես միասնական նախընտրական ճակատով:
Այստեղ, իհարկե, հեռանկարներն այնքան էլ խոստումնալից չեն, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ իշխանության համար կա իսկապես ռեալ վտանգ, թե, այդուհանդերձ, կարող են գտնվել ընդդիմադիր դաշտի լայնահուն համագործակցության եզրեր: Սակայն, մյուս կողմից, համատեղ հայտարարություններն ու ողջույնի խոսքերը շատ քիչ են իշխանության վրա տպավորություն թողնելու համար, առավել ևս, որ Հայաստանի քաղաքական ուժերը իրենց գործունեության, այսպես ասած, ծանրության կենտրոնը պահում են կուլիսներում: Իսկ այստեղ արդեն ամեն ինչ կախված է նրանից, թե Սերժ Սարգսյանն ինչպես է պայմանավորվում նրանցից ամեն մեկի հետ առանձին-առանձին:
Կասկած չկա, որ, բացի համատեղ հրապարակային ելույթներից, այդ կուսակցությունները նաև կուլիսային հարաբերության մեջ են մտնելու կամ մտել են իշխանության հետ՝ խորհրդարանի ընտրության համար արժեքավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: Կասկած չկա նաև, որ նրանց մի մասը, եթե նույնիսկ իշխանության հետ չի մտել կուլիսային բանակցությունների մեջ, ապա որոշակի ակնկալիքներ ունի արտաքին ուժային կենտրոնների ազդեցության կապակցությամբ:
Այսինքն՝ երբ քաղաքականությունը առավելապես կուլիսային է, և քաղաքական ուժերի մեծամասնությունը արդեն մի անգամ «ձեռք է տվել» այդ կանոններին ու ստիպված պետք է մինչև վերջ խաղա, հրապարակային հայտարարությունները շատ հաճախ ոչ թե քաղաքական ակտ են հիշեցնում, այլ ընդամենը կուլիսային քաղաքականության խաղաքարտ: Միայն թե տվյալ պարագայում դժվար է ասել՝ ներկայումս գործ ունենք կուլիսային կանխավարկածի՞ հետ, թե՞ պարզապես փակուղու՝ երբ կուլիսում ոչինչ չի հաջողվում պայմանավորվել իշխանության կամ արտաքին գործընկերների հետ, և դրանից հետո միայն քաղաքական ուժերը ստիպված դիմում են հրապարակային խաղաքարտերի:








































