Այս տարվա նշանակալից իրադարձություններից էր քաղբանտարկյալների ազատ արձակումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը`ամփոփելով տարին:
Ըստ նրա`երկրորդ կարևոր իրադարձությունը իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն էր: «Անկախ իր ելքից՝ հետաքրքիր իրադարձություն էր և նոր քաղաքական մշակույթի ձևավորման հիմք»,-մեկնաբանեց Ա. Օհանյանը: Հաջորդ ձեռքբերումը նա համարում է ժողովրդի կողմից Ազատության հրապարակի գրավումը: Նրա համոզմամբ` դա խորհրդանշական էր, և լավ է, որ այն ոստիկանները չեն զբաղեցնում այլևս:
«Հրապարակի» գլխավոր խմբագիրը նաև կարևորեց Wikileaks-յան բացահայտումները, պատմությունները, մեծ աղմուկը, որը բարձրացավ այդ հրապարակումների շուրջ: Նրա խոսքով, դրանք նաև լրագրողական աշխատանքում հետաքրքրություն մտցրեցին:











































