Երևանի քաղաքապետարանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում քաղաքապետարանի աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների շուրջ 60 աշխատակիցներ մասնակցել են մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման դասընթացների «Ներդրումային ծրագրերի մշակում և կառավարում», «Քաղաքային կառավարում` ըստ մատուցված ծառայությունների», «Ռազմավարական պլանավորում», «Մունիցիպալ կառավարում և պլանավորում» թեմաներով։ Դասընթացների մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու Ռոտերդամի էրազմուս Համալսարանի Բնակարանային ֆոնդի և քաղաքաշինության զարգացման հետազոտությունների ինստիտուտի դասախոսների դասախոսությունները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրային, գրասենյակի մյուս ներկայացուցիչներին և վերապատրաստման դասընթացի մասնակիցներին, կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությունը փորձի փոխանակման, անձնակազմի վերապատրաստման բնագավառում:
Քարել Հոֆսթրան իր հերթին ընդգծել է միջոցառման կարևորությունը` հաշվի առնելով նաև նշված համալսարանի միջազգային վարկանիշը և փորձը։ Շնորհակալություն հայտնելով դասընթացների շրջանավարտներին մասնակցության համար` ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է , որ փորձագետները տպավորվել են աշխատակազմի նանդամների գիտելիքների և իրազեկվածության բարձր մակարդակով: Այս մասին «Առաջին լրատվական»ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:










































