Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին հրամայել է ծառայողական մեքենա հատկացնել Գլխավոր շտաբի նախկին պետ Սեբահաթթին Ըշըք Քոշաներին։ Խոսքը Renault Latitude տիպի ավտոմեքենայի մասին է, որն արժե 95,000 թուրքական լիրա (ավելի քան 50,000 դոլար)։
Նշվում է, որ Քոշաներն այդ մեքենան ստացել է 15 օր առաջ, սակայն ցայժմ չի օգտվել դրա ծառայություններից։ Արդեն 5 ամիս է, ինչ Քոշաներն օգտվում է իր Ford Focus տիպի ավտոմեքենայից։
Թուրքիայի վարչապետ Էրդողանի ծառայողական ավտոմեքենան 2011 թվականի զրահապատ BMW 760i Long է, որը գնահատվում է 500,000 թուրքական լիրա (ավելի քան 265,000 դոլար)։ Նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ օգտվում է զրահապատ Mercedes S600-ի ծառայություններից։
Հիշեցնենք, որ Քոշաները Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ է նշանակվել 2010 թվականին և, ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերի հրամանատարների հետ համատեղ, հրաժարական տվել այս տարվա հուլիսի 29-ին՝ օգոստոսի 1-ին մեկնարկելիք՝ Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստից 2 օր առաջ։










































