Ամփոփելով 2011թ. սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության աշխատանքը` նախարար Արթուր Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ անցած տարվա համեմատ արձանագրվել է ցուցանիշի նվազում: 2010թ. 157 մեդալի փոխարեն հայ մարզիկները տարբեր առաջնություններում նվաճել են 135 մեդալ:
Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ աշխարհի մյուս երկրներն ավելի մեծ հաջողությունների են հասել սպորտի բնագավառում:
Ինչ վերաբերում է 2012թ. պետբյուջեով սպորտի ֆինանսավորմանը, ապա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարը տեղեկացրեց, որ այն կմնա նույնը` 4 մլրդ դրամի սահմանում:
Արթուր Պետրոսյանի կարծիքով` ընթացիկ տարվա Հայաստանի լավագույն մարզիկն է շախմատիստ Լևոն Արոնյանը:
Ինչ վերաբերում է նախարարի` Հայաստանի հավաքականի խաղերին մարզադաշտ չգնալու սովորությանը, ապա նա նշեց, որ ինքն իրականում դիտում է Հայաստանի հավաքականի խաղերը, սակայն տանը` հեռուստացույցի մոտ:
Նրա խոսքով` եթե երկրպագուներին ոգևորելու կարիք լիներ, անպայման կգնար:








































