Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, շվեդ Թյորբորն Յագլանդը երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետընտրական իրադարձություններին եւ ձերբակալություններին, ասել է, որ ԵԽ անդամ երկրներում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, եւ որ ԵԽ-ն հզոր մանդատ ունի մարդու իրավունքների պաշտպանության համար: «Չի կարելի մարդկանց բանտում պահել քաղաքական հայացքների համար», – հայտարարել է Յագլանդը: Սակայն, միեւնույն ժամանակ, խոսելով ԵԽ հզոր մանդատի մասին` նա հայտարարել է, թե ԵԽ-ն չի կարող անմիջականորեն միջամտել իր անդամ երկրների ներքին գործերին եւ ստանձնել «ազգային ինստիտուտների գործառույթները, քանի որ այդ դեպքում կհայտնվենք բարդ ճանապարհի վրա»: Փաստորեն, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նախընտրում է հեշտ ճանապարհը, այսինքն` պարզապես հայտարարություններ անելը, որոնք, ի դեպ, այնքան ընդհանրական են նրա կատարմամբ, որ Յագլանդի խոսքերից ամենեւին էլ պարզ չի դառնում, թե նա, ի վերջո, մարտի 1-ից հետո ընդդիմության ձերբակալված ակտիվիստներին եւ լիդերներին համարո՞ւմ է քաղբանտարկյալ, թե՞ ոչ: Յագլանդը խոսում է այնպես, որ ցանկացած պահի կարող է հայտարարել, որ նկատի է ունեցել Հայաստանում ձերբակալված ընդդիմադիրներին, բայց նաեւ ցանկացած պահի կարող է ասել, որ ինքը այդ մարդկանց հանդեպ չի օգտագործել քաղբանտարկյալ բառը: Այլ կերպ ասած` Յագլանդը իր խոսքի «լողացող արժեքն» է նախընտրում, ինչպես ընդհանրապես բոլոր եվրակառույցները եւ եվրապաշտոնյաները: Այդ պարագայում նրա խոսքերը, թե չեն կարող անմիջականորեն կատարել ազգային ինստիտուտների գործառույթները, իրականում ավելին չեն, քան «լողորդի» արդարացումը: Բանն այն է, որ երբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան իրեն թույլ է տալիս բավական կոնկրետ խնդրի մասին խոսել այդպես ընդհանրական, դա նշանակում է, որ խնդիրը ոչ թե ինչ-որ երկրի ազգային ինստիտուտների գործառույթները նրա կողմից կատարել-չկատարելն է, այլ հենց իր` եվրակառույցի, մարդու իրավունքի պաշտպանության հզոր մանդատ ունեցող կառույցի ղեկավարի գործառույթները կատարել-չկատարելը: Հայաստանում որեւէ մեկը չի ակնկալում, որ Յագլանդը կամ որեւէ եվրոպացի չինովնիկ գա եւ ազատի քաղբանտարկյալներին: Պարզապես Յագլանդից եւ մարդու իրավունքը առաջնային արժեք հռչակած Եվրոպայից պահանջվում է հստակ պատասխանել մի հարցի` քաղբանտարկյա՞լ են Հայաստանում ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներն ու լիդերները, որոնց մի մասը մինչ այժմ էլ բանտում է, թե՞ ոչ: Ահա այդ պարզ հարցին է, որ եվրաչինովնիկները երկու եւ կես տարի շարունակ չեն կարողանում պատասխանել, պատասխանել այնպես, որ հետո ո՛չ իրենք կարողանան խույս տալ իրենց իսկ խոսքերից, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունները:







































