Գյումրիի «Շիրակ»-ի և Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը, ով փորձաշրջան էր անցնում հունական «Պանատինաիկոս»-ում, վերադարձել է Հայաստան: Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում 18-ամյա ֆուտբոլիստը կիսեց իր տպավորությունները.
– Օդանավակայանում ինձ շատ ջերմ դիմավորեց «Պանատինաիկոսի»աշխատակիցը, որից հետո մենք գնացինք ակադեմիա, որտեղ ես ծանոթացա մի հայ տղայի հետ, որի անունը նույնպես Դավիթ էր, եւ նա հանդես էր գալիս «Պանատինաիկոսի» երրորդ թիմում: Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, իսկ քաղաքը այդքան էլ չէ (ժպտում է), քանի որ անընդհատ անձրև էր գալիս:
– Նախատեսված էր ընկերական հանդիպում անցկացնել…
– Այո, իմ մեկ շաբթվա փորձաշրջանի ընթացքում մենք պետք է ընկերական հանդիպում անցկացնեինք, սակայն երկու օր անընդմեջ հորդառատ անձրև էր տեղում, որը խանգարեց այդ հանդիպման անցկացմանը:
– Ինչպե՞ս էին անցնում մարզումները:
– Մարզումները բոլոր տեղերում էլ նույնն են: Մարզումներից մեկի ժամանակ մենք անցկացրինք երկկողմանի հանդիպում, որի ժամանակ ես դարձա գոլի հեղինակ:
– Եթե համեմատես «Ցյուրիխը» եւ «Պանատինաիկոսը», ապա որտե՞ղ կնախընտրեիր խաղալ:
– Երկու թիմերն էլ շատ լավն էին, ամեն մեկը յուրովի: Չեմ կարող հստակ ասել, թե որ թիմում կցանկանամ խաղալ: Թե´ «Ցյուրիխը», թե´ «Պանատինաիկոսը» լավ մակարդակի թիմեր են և երկուսն էլ մեծ փորձ էր ինձ համար:







































