Մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշ «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի կրկնօրինակը, որի օծումը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը» Միջոցառմանը մասնակցել են նաև Վլադիկավկազից, Միներալնիե վոդիից, Նովոռոսիյսկից, Կիսլովոդսկից, Ստավրոպոլից, Կրասնոդարից Արմավիրից և Կուբանի Սլավյանսկից հայ հոգևորականներ։
Տեղեկատվությունից հասկացվում է, որ ՌԴ տարածքում Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի կրկնօրինակ տեղադրելու նախաձեռնությունը Հայ առաքելական եկեղեցունն է։ Այս իրադարձությունը տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վճռական փուլում և ակնհայտորեն հետապնդել է քարոզչական նպատակ՝ ցույց տալ, որ Հայաստանի իշխանությունները «Արցախի թեման փակել են, մինչդեռ Ռուսաստանում այդ մասին չեն մոռանում»։
Գուցե նախաձեռնության հեղինակները չեն պատկերացրել, թե այդ քայլը Բաքվում ինչ արձագանք կգտնի, բայց փաստ է, որ «Մուսավաթ» կուսակցության գործադիր քարտուղար Արիֆ Հաջիկին դիմել է Ադրբեջանի իշխանություններին և առաջարկել, որ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը «ապամոնտաժվի, քանի որ կրկնօրինակը արդեն Ռուսաստանում կա»։
Հայ առաքելական եկեղեցին նման որոշում կայացնելիս ԼՂ ներկայացուցիչների հետ քննարկում ունեցե՞լ է, Արցախի Ազգային ժողովի պատգամավորները համաձայնություն տվե՞լ են, որպեսզի Եսենտուկիի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում կանգնեցվի «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի կրկնօրինակը։ Եթե Հայ առաքելական եկեղեցին Արցախի ներկայացուցիչների համաձայնությունը ստացել է, ապա թույլ տված կոպիտ սխալի համար ՀԱԵ փաստացի գլուխ Գարեգին Բ․-ն և Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը հավասարապես պատասխանատու են և պարտավոր են շատ սեղմ ժամկետում վերացնել հետևանքները։
«Մենք ենք, մեր լեռները» Ստեփանակերտի մուտքին կանգնեցվել է խորհրդային շրջանում՝ լիովին օրինական հիմքով և Ադրբեջանի կառավարության համաձայնությամբ։ Այն խորհրդանշում է Արցախի հայության նախաբնիկությունը և չի կարող «կրկնօրինակ» ունենալ, պիտի մնա իր տեղում։









































