Քուվեյթի միջազգային օդանավակայանին իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, և ավելի քան 60-ը ստացել են վիրավորումներ, հայտնել են տեղի իշխանությունները։ Քուվեյթի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հարձակումն անվանել է «հանցավոր իրանական ագրեսիա»։ Հարվածի պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Իր հերթին Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարվածի հետևանքով վնասվել են դիվանագիտական ներկայացուցչությունների շենքեր։
Իրանում հայտարարել են, որ հարվածը պատասխան էր իրանական նավթային տանկերի և Քեշմ կղզու ուղղությամբ ԱՄՆ-ի վերջին հարձակումներին, իսկ Թեհրանի թիրախը Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն են։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտնել էր, որ «ինքնապաշտպանության» շրջանակներում հարվածներ է հասցրել Իրանի օբյեկտներին, ինչպես նաև որսացել կամ խոցել է Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները։
Հրետակոծությունից հետո Քուվեյթի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ բացատրություններ տալու համար։ Իսկ իրանցի երկու այլ բարձրաստիճան դիվանագետների հրամայվել է 24 ժամվա ընթացքում լքել երկիրը։
Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ զոհվածը Հնդկաստանի քաղաքացի էր։ Բացի այդ, հարվածի հետևանքով վիրավորվել են Հնդկաստանի ևս մի քանի քաղաքացիներ։
«Մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին դադարեցնել նմանատիպ հարձակումները»,— ընդգծել են գերատեսչությունում։










































