Տոնածառի հանդիպում ենք 19-րդ դարում արևմտահայերի մոտ, իսկ զարդարված ծառ` կենաց ծառ, վաղուց ենք ունեցել: Դրանից կախել են հմայիլներ` դաղդղաններ, սխտոր, խնձոր: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին պատմեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով Ամանորին:
«Հայոց մշակույթում տունը զարդարելու սովորույթ միշտ եղել է, սպիտակեցրել են առաստղները, պատերը, դրանց վրա նկարել աստղային մարմիններ»,- տեղեկացրեց նա:
Խոսելով Ձմեռ պապի մասին՝ Հ. Խառատյանն ասաց, որ հայկական Նոր տարին Ձմեռ պապ չի ունեցել, սակայն այն հաջող կերպով մտել է ու դարձել Ամանորի անբաժան մասը:
Ազգագրագետի խոսքով` բազմաթիվ են եղել Ամանորին գուշակությունները:
Դրանցով հնում փորձել են գուշակել տարվա ընթացքը, սրա հետ կապված ծեսերի մի մասը կապվել է աղջիկների կամ ծերերի հետ:
« Պարզ երկինք է դրսո՞ւմ, թե՞ մութ, կովը տնից ո՞ր ոտքով է դուրս եկել, կրակի վրա աղ են գցել ու գուշակություններ արել` ինչպես է բոցկլտում»,- հավելեց ազգագրագետը:









































