Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին նշված է Ժիրինովսկու` ՌԼԴԿ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«ՌԼԴԿ-ն վաղուց է խոսում հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Մենք ողջունում ենք ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը»,- ասել է նա:
«1915թ. ապրիլի դեպքերը մարդկության պատմության ամենամռայլ էջերից են: Ժողովրդի նման դաժան ոչնչացում չի եղել ոչ մի եվրոպական կամ ասիական երկրում: Գրեթե մեկ դար առաջ իրականացվել է մարդկանց ուղղակի բնաջնջում` նրանց ազգային պատկանելությունից ելնելով:
Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարության մասին,և համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը»,- ասել է Ժիրինովսկին:








































