Հայաստանից արտահանման ծավալների ավելացմանը խոչընդոտող մի շարք պատճառներ կան, որ համալիր են ազդում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ եթե մի կողմ թողնենք ենթակառուցվածքները, տրանսպորտը, քաղաքական խնդիրները, ապա խոչընդոտներից մեկը մենեջմենտի որակն է. «Մեր մենեջերները դրսի շուկայում աշխատել չգիտեն, և երբ դուրս են գալիս լուրջ մրցակցային շուկա, մարքեթինգային քայլերի առումով զիջում են գործընկերներին»:
Հաջորդ խոչընդոտը, տնտեսագետի կարծիքով, փոխարժեքն է. դրամը 2011-ին որոշ չափով դադարեց արժևորվել, և հիմա ավելի շատ թուլացման նշաններ է ցույց տալիս, բայց եթե համեմատելու լինենք այլ երկրների փոխարժեքի շարժի հետ, մենք այս առումով խնդիրներ ունենք ու դրանք կուտակվել են երկար տարիների ընթացքում, ու 1 տարում չեն կարող լուծվել, քանի որ տնտեսությունը հարմարվել է աշխատել բարձր փոխարժեքի պայմաններում: Թույլ դրամի պայմաններում աշխատելուն հարմարվելու համար ժամանակ է հարկավոր: Ըստ Ս.Ավագյանի՝ ներկայում նույնիսկ արտահանող ձեռնարկությունները գերադասում են հումքը բերել, թեթև վերամշակել ու արտահանել: Շատ կարևոր է, որ մեր հիմնական գործընկերները նույնպես վարում են սեփական արժեքի թուլացման քաղաքականություն:
Մաքսային խնդիրները վերջնականապես լուծված չեն, որովհետև մաքսային ընթացակարգերը առավելագույն բարդեցված են: Ս.Ավագյանը նշեց, որ այս տարի կառավարությունը փորձեց որոշ չափով պարզեցնել մաքսային ընթացակարգերը, պահանջվող թղթերը 7-ից նվազեցնել մինչև 3, բայց նույնիսկ երբ կառավարության որոշումներն ընդունվեցին, մաքսավորները «իներցիայով» պահանջում էին փաստաթղթեր, որոնց կարիքը չկար: «Մեզ մոտ ցանկացած մաքսային ձևակերպում շատ ավելի երեկար է տևում, քան նույնիսկ ԱՊՀ այլ երկրներում»,- փաստեց տնտեսագետը:
Նրա խոսքով, խնդիր է նաև այն, որ զարգացած պետությունները շարունակում են սուբսիդավորել որոշակի ապրանքային խմբերի բիզնեսին, որ միջազգային շուկաներում ավելի մրցակցային դիրքեր գրավեն, մասնավորապես՝ գյուղմթերքների մասով: Մինչդեռ Հայաստանը ոչ մի ապրանքի սուբսիդավորում չի իրականացնում:












































