Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր-Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում մինի ֆուտբոլի խաղադաշտի բացմանը: Բնակիչների խոսքով` դեռ խորհրդային տարիներից անխնամ մնացած տարածքի տեղում միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված դաշտը պատված է արհեստական խոտածածկով, ինչը թույլ կտա երեխաներին ֆուտբոլ խաղալ տարվա բոլոր եղանակներին:
Շինբարեկարգման համալիր ծրագրի շրջանակում առողջ ապրելակերպի և պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով 2011 թվականի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքում կառուցվել են նման ևս 10 խաղադաշտեր:
«Մենք շարունակելու ենք բակերի բարեկարգման ծրագրերը, դրանում կարող եք վստահ լինել: Մեր նպատակն է, որ մեր սիրելի քաղաքը բարեկարգ տեսք ունենա, ինչին, վստահ եմ, կհասնենք համատեղ ուժերով: Ձեզնից էլ ակնկալում եմ, որ սրտացավորեն վերաբերեք կատարած աշխատանքին»,– բնակիչների հետ զրույցում նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով` բնակիչները քաղաքապետին վստահեցրել են, որ մշտապես կհետևեն տարածքի մաքրությանն ու բարեկարգ կպահեն այն: Ֆուտբոլասեր պատանիներն էլ իրենց հերթին խոստացել են շատ մարզվել և ապագայում նպաստել հայկական գոլառատ ֆուտբոլի զարգացմանը:











































