Նալբանդյան փողոցի բնակիչները շարունակում են բողոքել: Այսօր Նալբանդյան 104/6 շենքի բակում «Ավագշին» կազմակերպության բեռնատարները հողաշինարարական աշխատանքներ էին իրականացնում էլիտար շենք կառուցելու նպատակով: Այս որոշմանը դեմ են կից շենքերի բնակիչները, քանի որ, ըստ նրանց, չկա շինթույլտվություն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնակչուհի Կարինե Ավետիսյանն ասաց, որ այսօր նշված շենքի բակում սարսափելի բան էր կատարվում. բնակիչները փորձում էին կանգնեցնել հողաշինարարական աշխատանքները:
«Մեզ էր միացել պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով թույլ չտվեց, որպեսզի դրանք շարունակվեն: Նա ստիպեց, որ ետ դատարկվի բեռնատարների ամբողջ հողը»,- նշեց բնակչուհին`հավելելով, որ ոչ միայն շենքի բնակիչներն են դեմ, այլև քաղաքաշինության տեսչությունը, Բնապահպանության նախարարությունը:
Կ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ շենքի բակում կա 14 հաստաբուն ծառ, որոնց տեղափոխումն արգելված է: «Նրանք ուզում են այդ ծառերը քոքահան անել և տանել շպրտել մի տեղ: Մենք նաև չենք ցանկանում, որ այդ ծառերը կտրեն»,- ասաց բնակչուհին:
Նշենք, որ Նալբանդյան 104/6 շենքի բակում սկսվել են շինարարական աշխատանքներ` չորս էլիտար շենք կառուցելու նպատակով: Այս պահին բնակիչները բանակցություններ են վարում շինկազմակերպության ներկայացուցիչների հետ: Նրանց հավաստմամբ, էլիտար շենքերն ամբողջությամբ կթուլացնեն մյուս շենքերի սեյսմակայունությունը: