Կանադայի կառավարությունը սառեցրել է Սիրիայի 33 պետական գործիչներին և 10 պետական ընկերություններին պատկանող միջոցները, որոնք պահվում են կանադական բանկերում:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այս մասին ուրբաթ հայտարարել էր Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը:
«Ֆինանսական հաստատություններից պահանջվում է ուսումնասիրել բանկային հաշիվների իրավիճակը` որոշելու, թե ինչ գումարներ են այնտեղ պահվում: Այդ ուղղությամբ աշխատելու է նաև կանադական ոստիկանությունը: Դեռ այս ուսումնասիրությունն ավարտված չէ, մենք չեն կարող ասել, թե ինչպիսի ակտիվներ են դրանք»,- հայտարարել է նա:
Բացի սառեցված ակտիվներից, Կանադան արգելք է դրել Սիրիայի ցանկացած ապրանքների ներմուծման վրա՝ բացառությամբ սննդամթերքի, իսկ կանադական ընկերություններին արգելված է ցանկացած նոր ներդրումներ կատարել Սիրիայի տնտեսությունում կամ արտահանել այնտեղ սարքավորումներ, այդ թվում՝ նաև համակարգչային ծրագրեր:
Վերջին ամիսներին Կանադան արգելք էր դրել Սիրիայի կառավարության որոշ անդամների` Կանադա մուտք գործելու, Սիրիա զենք և զինամթերք արտահանելու վրա, որը կարող է օգտագործվել միջուկային ծրագրերում: Դադարեցվել են նաև երկկողմանի պայմանագրերը, արգելվել է ցույցի մասնակիցների վրա ճնշումներ գործադրող մարդկանց հետ շփվելը, ինչպես նաև Սիրիայի նավթարդյունաբերության բնագավառում ներդրումներ կատարելը:









































