Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության մերժման արգելքի մասին օրինագիծը, որն ընդունվել է Ֆրանսիայում, անվանել է «ռասիզմի, խտրականության և քսենոֆոբիայի վրա հիմնված օրինագիծ»: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ըստ վարչապետի՝ Թուրքիան ընդհատում է բոլոր տնտեսական, քաղաքական և ռազմական բանակցությունները Ֆրանսիայի հետ: Նա նաև հայտարարել է, որ Անկարան արգելում է ֆրանսիական ռազմական ինքնաթիռներին վայրէջք կատարել իր տարածքում, իսկ ռազմական նավերին՝ մտնել թուրքական նավահանգիստներ:
Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք՝ Հայոց ցեղասպանության մերժման համար: Օրինագիծն ուղարկվել է Սենատի վերանայմանը և սպասվում է, որ նրա վերջնական ընդունումը տեղի կունենա 2012 թ. փետրվարին: