Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ամերիկյան The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման խնդրին.
«Ներկայումս առկա են դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական հնարավորություններ։ Հնարավոր տարբերակներից մեկն էլ Թուրքիայի տարածքում նոր խողովակաշարի կառուցման միջոցով եվրոպական սահմաններ հասնելն է։
Ապա խողովակաշարը կբաժանվի երկու ճյուղի, որոնցից մեկը կուղղվի դեպի Հունաստան, իսկ մյուսը՝ դեպի Բուլղարիա և կհասնի Ավստրիա։ Այդ ամենի շնորհիվ Բալկաններն ու Կենտրոնական Եվրոպայի երկրները կապահովվեն գազով։ Տեխնիկական և ֆինանսական տեսանկյունից դա շատ լավ գաղափար է, քանի որ չի պահանջում մեծ ֆինանսական ծախսեր»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել էր, թե ադրբեջանական գազն առաջին անգամ Եվրոպա կհասնի 2018-2020 թվականներին (2017 թվականին մեկնարկելու է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլը)։