Խորհրդային տարիներին առաջացան մրցակցությունն ու քաղքենիական տրամադրությունները` կապված Ամանորի հետ: Դա պայմանավորված էր, ամենայն հավանականությամբ, մթերքների դեֆիցիտով: Իսկ այսօր Ամանորին որևէ բանով որևէ մեկին չես զարմացնի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ազգագրագետ Գոհար Ստեփանյանը:
Իր հերթին, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում ու պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նկատեց, որ ուտեստների մասով ազգագրագետները բանահավաքություն չեն իրականացրել: Նրա խոսքով` խորհրդային տարիներին թեև իրականացվել են հետազոտություններ, սակայն դրանք 301 թվից այն կողմ չեն կատարվել (խոսքը հեթանոսական շրջանի մասին է):
«Ինչ ծես, ինչ ավանդույթ կամ տոն նշում ենք, դա փորձում ենք կապել քրիստոնեության հետ, կարծես մեր հեթանոս պապերը մեր պապերը չեն եղել կամ մենք նրանց ժառանգորդները չեն»,- տարակուսանքով ասաց Ս. Մամուլյանը` նշելով, որ դեռ այն ժամանակ է եղել հստակ մշակված, հավասարակշռված սննդի համակարգ, որը հաշվի է առել մեր բնակլիմայական պայմանները:
Իսկ հիմա` այս անկախության տարիներին, ըստ նրա, եկել է ժամանակը`զարմացնելու ավանդականով:
Նրա խոսքով` շատ ավելի հետաքրքիր է, երբ հիմա մտնում ես որևէ տուն ու տեսնում հետաքրքիր սեղան, որտեղ ներկայացված են մեր բնաշխարհին բնորոշ ուտեստները: Կերակրատեսակն արժեքավոր է ոչ թե թանկ ու օտար, չլսված բաղադրիչ ունենալու փաստով, այլ հետաքրքիր է մեր բնության սպեկտրի ներկայությամբ:











































