Ամերիկացին ճանապարհատրանսպորտային վթարի է ենթարկվել և վնասել «Լամբորջինի» (Murcielago Roadster) մեքենան, որը հաղթել էր շուրջօրյա գործող խանութի կազմակերպած լոտոյով: Վթարը տեղի է ունեցել ավտոմեքենան ձեռք բերելուց վեց ժամ հետո:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, ավտոմեքենան լուրջ վնասվածքներ չի ստացել, վնասվել է անվադողը, կան քերծվածքներ մեքենայի դիմացի և հետևի մասերում: Մեքենայի տերը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ օգտագործել մեքենան և պատրաստվում է այն վաճառել:
Նա նշել է, որ «Լամբորջին»-ին վերանորոգելը շատ ծախսատար է, և ինքը չի կարող իրեն թույլ տալ այդպիսի շքեղ մեքենա ունենալ: Տղամարդը նշել է, որ ինքը մեծ ընտանիք ունի, և իր համար առավել կարևոր է ֆինանսական աջակցությունը, քան թանկարժեք մեքենայի տեր լինելը:










































