«Երկիր»-ը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ բնապահպանների հանդիպման տեսաձայնագրությունն արդեն հայտնվել է համացանցում, որից երևում է, թե ինչպես է մարզպետը Մարիամ Սուխուդյանին ասում. «Այ ճպուռ, քիչ խոսա», նաև սպառնում. «Նայի՝ քեզ վատ բան չլինի»։
«Ճպուռ» բառի մեջ Սուրիկ Խաչատրյանը վատ բան չի տեսնում. համենայնդեպս, «Երկիր»–ի թղթակցի հետ զրույցում այսպես է հավաստիացրել նա։ Թերթի դիտարկմանը, թե դա վիրավորական է, մարզպետը պատասխանել է. «ճպուռ է՝ ճպուռ ասեցի, ինչ կա դրա մեջ, վիրավորական ի՞նչ կա, չեմ հասկանում, ճպուռը քաղցր խոսք ա, վիրավորականի բան չկա»։
«Նա հերքեց, որ լարվածություն է եղել հանդիպման ժամանակ, իսկ, անդրադառնալով «նայի՝ քեզ վատ բան չլինի» արտահայտությանը, մեկնաբանեց. «Ասում էր տարածքի էկալոգիան վատ ա, էս ա, էն ա, ես էլ ասեցի՝ նայի՝ քեզ վատ բան չլինի։ Միտինգ էր անում, ես էլ ասեցի՝ նայի՝ քեզ բան չլինի։ Ամոթ իրենց, եթե կասեն, թե սպառնացել եմ։ Մենք ջան–ջիգյարով ենք իրարից հեռացել, ես իրանց ցտեսություն եմ արել և ասել, որ եթե խնդիր կունենաք՝ կդիմեք ինձ»։








































