«Հրապարակ»-ի տեղեկություններով` Վովա Գասպարյանի մտահղացմամբ` առաջիկայում նոր ստորաբաժանում է ստեղծվելու ոստիկանությունում, որն իրականացնելու է արտաքին գործունեություն, մասնավորապես զանգվածային միջոցառումների ժամանակ:
Թեև այսպիսի ստորաբաժանումներ կան, օրինակ, պարեկապահակային ծառայությունում, սակայն այն էապես տարբերվելու է ՊՊԾ-ից: Այն, այսպես ասած, էլիտար ծառայություն է լինելու, որի ներկայացուցիչները պետք է բարձր գիտելիքներով ու մի շարք հմտություններով օժտված լինեն:
Տիրապետեն անգլերենին, առաջին բուժօգնություն ցուցաբերեն՝ ընդհուպ ծնունդ ընդունել, ինչպես նաև քաղաքացիների հետ ցիվիլ բանակցելու հմտություն ունենան: Նշենք, որ ՊՊԾ-ի դեպքում այս գործառույթը նախկինում իրականացնում էին Վալերի Օսիպյանն ու հայտնի Բազազը՝ Ռոբերտ Մելքոնյանը: Հավանաբար նրանք այլևս չեն համապատասխանում միտինգ ցրելու ժամանակակից՝ գասպարյանական պահանջներին»:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ` Գասպարյանը հատուկ բծախնդրությամբ է ընտրում այս ստորաբաժանման թեկնածուներին:
«Նույնիսկ երեկ նրանց հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ պետք է լինեն «քաղաքացիների պահապան հրեշտակները»: Ի դեպ, նա խիստ կարևորել է երիտասարդ լինելն ու բարետես արտաքինը՝ թերևս հրեշտակների իմիտացիա ստեղծելու համար: Կընդգրկվեն նաև կանայք: Այնպես որ, բազազների ժամանակն անցավ, եկել է երիտասարդ, ինտելիգենտ ու համակրելի ոստիկանների ժամանակը»:











































