Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած զինծառայող Մհեր Հակոբյանն ունեցել է անևրիզմա հիվանդություն: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց զինծառայող, բռնցքամարտիկ Մհերի մարզիչ Արթուր Մելքումյանը: Նա 2005թ.-ից եղել է Մհեր Հակոբյանի մարզիչը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:55-ին ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է ընդունվել ՊՆ N զորամասի զինծառայող շարքային Մհեր Հակոբյանը` «կոմատոզ վիճակ, ուղեղի արյան զեղում» ախտորոշմամբ: Մհեր Հակոբյանը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրամանով դեկտեմբերի 11-ից մինչև 2012-ի հունվարի 30-ը գործուղվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա` 2012-ի հունվարին կայանալիք մեծահասակների բռնցքամարտի առաջնությանը մասնակցելու նպատակով: Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում Մհեր Հակոբյանը եղել է ընկերոջ տանը, որտեղից էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Դեկտեմբերի 17-ին Մհեր Հակոբյանը գիտակցության չգալով մահացել է:
Մհերի մարզիչն ասաց, որ բժիշկը տեղեկացրել է, որ նա ունեցել է անևրիզմա հիվանդությունը: «Դա լինում է գլխուղեղի երակի վրա փոքր փուչիկի տեսքով: Բժիշկը նաև ասաց, որ հնարավոր է՝ հիվանդությունը լինի ի ծնե և ձեռքբերովի: Դա այնքան փոքր գոյացություն է, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչից կարող է առաջացած լինել: Ավելի շուտ հնարավոր չի եղել պարզել, քանի որ նախկինում չի անհանգստացրել տղային»,- նշեց Ա. Մելքումյանը`շարունակելով, որ եթե գլխացավ ունենար և դիմեր բժշկի, պարզ կդառնար, որ վիրահատության կարիք կա: Մարզիչը ցավով նշեց, որ այդ հիվանդության մասին իմանում են միայն արյան զեղումից հետո:
Բժիշկն Արթուր Մելքումյանին նաև ասել է, որ պայթելուց հետո ոչնչով հնարավոր չէ օգնել, քանի որ մեծ քանակությամբ արյուն է լցվում գլխուղեղ: Այն հարցին, թե տղայի ծնողներն ունեցե՞լ են անևրիզմա հիվանդություն՝ պատասխանեց, որ տղայի մայրը մահացել է քաղցկեղ հիվանդությունից:
Նշենք, որ 2005 թվականից Մհեր Հակոբյանը զբաղվել է բռնցքամարտով, եղել Հայաստանի եռակի չեմպիոն և Եվրոպայի առաջնության 5-րդ մրցանակակիր:










































