«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» պահանջում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը` կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու համար:
Կոալիցիան այս պահանջով հայտարարություն է տարածել Facebook սոցիալական ցանցում և ստորագրահավաք սկսել:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Նոյեմբերին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում գործարար Սիլվա Համբարձումյանին ապտակելը մեր կառավարության կողմից ոչ մի արձագանք չստացավ: Եվ վերջերս, իր Քաջարան կատարած այցի ժամանակ, Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:
Սա անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում: Երբ տղամարդը, հատկապես կառավարության ներկայացուցիչը ցուցաբերում է նման բռնի վարք և կառավարությունը առնվազն չի դատապարտում այն կամ պատժում, այն հանդիսանում է պատճառ բոլորի համար, որ կանանց նկատմամբ բռնությունը մատնված է ամենաթողության և ընդունված երևույթ է Հայաստանում:
Կոալիցիան դատապարտում է գենդերային հիմքով բոլոր տեսակի բռնությունները: Մենք գտնում ենք, որ այսպիսի գործողությունները ամրապնդում են բռնության մշակույթը և խրախուսում կանանց նկատմամբ բռնությունը, ինչը լայնորեն տարածված է հայկական ընտանիքներում:
Մենք պահանջում ենք, որ մարզպետը պաշտոնազրկվի նման ոչ քաղաքակիրթ վարքի համար»:
Հիշեցնենք, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սուրեն Խաչատրյանը հրապարակավ հարվածել էր գործարար Ս. Համբարձումյանին:
Այդ փաստի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել «ծեծի» հոդվածի հատկանիշներով, սակայն գործը կարճվել էր, քանի որ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ ծեծի հատկանիշներ չկան, Ս. Խաչատրյանը ընդամենը մեկ անգամ ապտակել է Սիլվա Համբարձումյանին:
Վերջինս իր հերթին գոհունակություն էր հայտնել ՀՔԾ որոշումից, քանի որ, ըստ նրա, այդտեղ գրված է, որ Ս. Խաչատրյանը զղջում է իր արածի համար:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նույնպես հայտարարել էր, որ այդ արարքում հանցակազմ չկա:









































