Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցում շահագործման է հանձնվել վերգետնյա հետիոտն նոր անցում:
Բացման արարողությանը ներկա է գտնվել և անցումից առաջինն օգտվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ գլխավոր փողոցների հարակից տարածքները խիտ են բնակեցված և քաղաքաշինական առումով էլ թույլատրելի է, կշարունակվի վերգետնյա անցումների շինարարությունը:
«Անվտանգ և ապահով քաղաք ունենալու նպատակով մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բարելավենք բնակչության համար հարմարավետ պայմաններ և քաղաքը դարձնենք առավել անվտանգ»,- նշել է քաղաքապետը։
Վերգետնյա անցումի կառուցման աշխատանքներում, բնակիչների ցանկությունից զատ, հաշվի են առնվել նաև անվտանգության եւ հարմարավետության չափանիշերը։ Երեկոյան ժամերին անվտանգությունն ապահովելու նպատակով անցկացվել է հատուկ լուսավորություն: