Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը, ընդառաջ գնալով հրազդանցիների ցանկությանը, քաղաքապետի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել-չառաջադրելու վերջնական որոշման մասին կհայտարարի դեկտեմբերի 23-ին՝ 16:00-ին հրավիրված ժողովի ժամանակ: Այս մասին նա տեղեկացրեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Իմ թեկնածությունը ժողովուրդն է պահանջում, և, ինչ-որ տեղ, իրավունք չունեմ դեմ գնալու ժողովրդին: Բայց մինչ այդ պետք է որոշ մարդկանց հետ հանդիպեմ, կարծիք իմանամ, որոշում կայացնեմ: Բնական է, որ գիտեի՝ հրազդանցիներն իմ թեկնածությունը կառաջարկեին, սակայն միաժամանակ դա ինձ համար անակնկալ էր»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ ինքն այժմ դժվար որոշում կայացնելու առաջ է կանգնած:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրում է, թե երեկ երեկոյան Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում յուրօրինակ հավաք է եղել: Թերթը տեղեկացել է, որ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները և պարզապես հրազդանցիները (մի քանի հարյուր հոգի) հավաքվել ու քննարկել են փետրվարի 25-ին կայանալիք քաղաքապետի ընտրության հարցը:
Ներկաները ցանկություն են հայտնել սեփական թեկնածու առաջադրել այդ ընտրություններում, և քննարկվել են չորս թեկնածուների տարբերակները. ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի, Հրազդանի Ջրառատ թաղամասից Սասուն Ստեփանյանի, Հրազդանի ՀԱԿ գրասենյակի պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանի և ԱԺ նախկին պատգամավոր, Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանի թեկնածությունները:
Ծավալված բավական լուրջ քննարկումների արդյունքում ներկաները եկել են համոզման, որ հենց Սասուն Միքայելյանը պետք է առաջադրի իր թեկնածությունը: Միքայելյանն էլ 3 օր ժամանակ է խնդրել քաղաքացիներից` մտածելու և հասարակությանը տեղյակ պահելու համար:
«Այնպես որ, Հրազդանի քաղաքապետի ընտրություններն իսկապես հետաքրքիր ընթացք կունենան, քանի որ բոլորի համար է ակնհայտ, որ Սասուն Միքայելյանն այդ տարածաշրջանում մրցակից չունի` անկախ նրանից, թե ով ում կսատարի»,- հավելում է թերթը:











































