Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) գլխավոր խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված վաղը Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի դիտարկման հետ։ ԹԱՄԺ-ի տարածած այդ հայտարարության մեջ նշված է.
«Այդ օրինագծի ընդունումը «պատմական սխալ» է։ Անցյալում տեղի ունեցածի դիտարկումը «պատմաբանների ու գիտնականների» գործն է։ Մենք խորապես զարմացած ենք Ֆրանսիայի Սենատի «միակողմանի» դիրքորոշումից, որն ուղղված է Թուրքիայի պատմության «խտրականացմանը»։
Այդ օրինագիծը «կոպտորեն ոտնահարում» է մարդու իրավունքներն ու ազատությունները։ Մենք ֆրանսիացի պատգամավորներին կոչ ենք անում հրաժարվել «երկակի ստանդարտների» քաղաքականությունից և չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել թուրք-ֆրանսիական հարաբերություններին»։
Այս հայտարարությանը միաձայն կողմ են քվեարկել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված երեք հիմնական կուսակցությունները՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)։ Դրան դեմ է քվեարկել «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ)։








































