Դեկտեմբերի 20-ին Երևանի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում` ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել է ջրամատակարարումը: Պատճառը` «Արզնի 1 – Երևան» մայրուղային ջրատարի կանգառն է` Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում իրականացվող աշխատանքների հետ կապված:
Շուրջ կես տարի է, ինչ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Շինաշխարհ», «Պառէքսգազ – Էմոշին» ընկերությունները լայնածավալ շինարարություն են իրականացնում Արզնիի ձորում: Արդեն վերակառուցվել են ջրկապները (կապտաժներ), կառուցվել է նոր պոմպակայան, քլորակայան, պահակատուն, էլեկտրասնուցման ժամանակակից համակարգ, մոնտաժվել են նոր խողովակներ, որոնց միջոցով ջուրը կապտաժներից ուղղվելու է դեպի պոմպակայան:
Ճիշտ է, անելիք դեռ շատ կա, սակայն աշխատանքների ավարտն արդեն երևում է: Այսօր իրականացվող խողովակների ներմիացմամբ փաստորեն սկսվեց աշխատանքների վերջին փուլը: Մասնավորապես նախատեսվում է տեղադրել ժամանակակից պոմպեր, բարեկարգել տարածքը և այլն: Արդյունքում ոչ միայն կբարձրանա Արզնիի ջրաղբյուրի աշխատանքի հուսալիությունը, այլև մոտ 400 լիտր վայրկյանում լրացուցիչ ջուր կստանա Երևանը` պոմպերով, թե ինքնահոս եղանակով, որը տասնամյակներ շարունակ աննպատակ հոսում է դեպի Հրազդան:
Ըստ «Երևան Ջուր» ընկերության Տեխնիկական տնօրինության Շինարարական աշխատանքների համակարգման բաժնի ներկայացուցիչ Արմեն Մովսիսյանի` շինարարներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով, որպեսզի մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 17.00, ինչպես հայտարարվել է նախօրոք, վերականգնվի «Արզնի 1 – Երևան» մայրուղային ջրատարի աշխատանքը:












































