Այսօրվանից պաշտոնապես գործում է Հայաստանում առաջին օնլայն սուպերմարկետը` SAS.am-ը:
Նախագիծն իրականացնելու SASGroup-ի որոշումը պայմանավորված է Հայաստանում ինտերնետ օգտագործողների թվաքանակի սրընթաց աճով և ոլորտի հետագա զարգացման փայլուն հեռանկարով:
SAS.am-ը ոչ միայն արդի տեխնոլոգիաները բիզնեսում կիրառելու լավ օրինակ է և Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացմանը նպաստող կարևոր քայլ, այլև համացանցում հայկական բովանդակության բացառիկ նմուշ:
Դրա իրականացման վրա ամիսներ շարունակ աշխատել են բարձր որակավորում ունեցող տասնյակ աշխատակիցներ` թարգմանիչներ, ապրանքագետներ, լուսանկարիչներ, դիզայներներ, ՏՏ և մարքեթինգի մասնագետներ, իրավական և ֆինանսական խորհրդատուներ:
Ծրագրավորումն իրականացվել է էլեկտրոնային խանութների պատրաստման մեջ մասնագիտացած ընկերության հսկայական անձնակազմի կողմից: Դրվել և լուծվել են բազմաթիվ բարդ խնդիրներ, ներդրվել են մի շարք կարևոր համակարգեր:
SAS.am-ում ներկայացված է SAS սուպերմարկետների ցանցի ողջ տեսականին` սննդամթերք և տնտեսական ապրանքներ:
Եվրոպական էլեկտրոնային խանութների չափանիշներին համապատասխան հարմարավետ կայքում մեր այցելուները կարող են գտնել մոտ 30 հազար անուն ապրանք` իրենց անուններով, բարձր որակի լուսանկարներով, գներով և մանրամասն նկարագրությամբ` ներառյալ քաշը, ծավալը, բաղադրությունը, արտադրման երկիրը և արտադրող ընկերությունը, պահպանման եղանակը և այլն:
Մի քանի պարզ քայլով կատարվող գնումների դիմաց մեր հաճախորդները կարող են վճարել ինչպես էլեկտրոնային առևտրի համար ավանդական օնլայն տարբերակով, այնպես էլ պատվերը ստանալիս` պլաստիկ քարտով կամ կանխիկ: Կորպորատիվ հաճախորդների համար գործում են հատուկ պայմաններ:
Առաքումն իրականացվում է ոչ միայն Երևանի, այլև ՀՀ և ԼՂՀ տարածքում` անկախ պատվիրված ապրանքի քանակից, գնից և ծավալից:
Այսպիսով, շնորհիվ SAS.am-ի ընձեռած հնարավորությունների` SAS-ը դառնում է ամենալայն ծածկույթով սուպերմարկետների ցանցը Հայաստանում և հասանելի է լինում յուրաքանչյուր սպառողի` յուրաքանչյուր վայրում:









































