Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) հայտնել է իր դիրքորոշումը՝ կապված նախագահ Գյուլի պաշտոնավարման ժամկետի շուրջը ծագած վեճերի հետ։
ԽԺԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանը (որը օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալիս զայրույթից կոտրել էր ամբիոնի վրա դրված բաժակը.– 1in.am) կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախագահ Գյուլի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2012 թվականին, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ։
Քափլանն ընդգծել է, որ հենց դա (5 տարին մեկ նախագահական ընտրությունների անցկացում) են ենթադրում 2007 թվականին կատարված սահմանադրական ուղղումները։
Հիշեցնենք, որ մինչ այս էլ Թուրքիայի երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունների՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ու «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Դևլեթ Բահչելին պահանջել էին, որ 2012 թվականին Թուրքիայում անցկացվեն նախագահական ընտրություններ։