«Բաբաջանյան Ֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի եզրափակիչ համերգին, որն այս տարի նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին, կոմպոզիտորի որդին` Արա Բաբաջանյանը, որը Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի տնօրենն է, դուդուկահար Ջիվան Գասպարյանին հանձնեց Առնո Բաբաջանյանի անունով ոսկե մեդալ:
Մեդալին տարբեր տարիների արժանացել են նաև շանսոնյե Շառլ Ազնավուրը, դերասան Արմեն Ջիգարխանյանը և երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Ոսկե մեդալը նրան հանձնվեց հայ երաժշտության մեջ մեծ ավանդ ունենալու համար:
Շնորհակալություն հայտնելով մեդալի համար` վարպետը Արա Բաբաջանյանին դիմեց հետևյալ խոսքերով. «Ես քեզ մատաղ, դու ինձ` ոչ»:
Նոյեմբերի 21-ից մեկնարկած «Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներն էին Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:







































