Ամեն օր շտապօգնություն ծառայությունը սպասարկում է 500-560 կանչ: Ամփոփելով անցնող տարին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Բանախոսի ներկայացրած տվյալների համաձայն` 2010թ. գրանցվել է 13333 կանչ, իսկ 2011-ին` 156353 կանչ: Թ. Ստեփանյանը նշեց, որ շտապօգնության ծառայությանն են դիմում հատկապես սրտանոթային համակարգի խնդիրներ, տրավմաներ, վիրուսային հիվանդություններ ունեցողները:
Բանախոսն արձանագրեց` երբեմն պատահում են նաև անարդյունավետ կանչեր: «Դա կապված է մեր հասարակության մշակույթի հետ: Գեղեցիկ երևույթ չէ, երբ կարիք չկա, բայց դիմում են ծառայության օգնությանը»,- մեկնաբանեց Թ. Ստեփանյանը` հավելելով, որ նման կանչերը բավականին շատ են, հնարավոր է` 300 անարդյունավետ կանչ:
Անդրադառնալով առկա խնդիրներին` նա նշեց. չի կարելի ասել, թե ամեն ինչ կատարյալ է: «Մենք փորձում ենք հսկել և բողոքները հասցնել մինիմալի, սակայն պատահում են նաև դժբախտ դեպքեր: Հնարավոր է` կես ժամվա ընթացքում այնքան կանչ ընդունենք, որ չհասցնենք սպասարկել: Երբեմն մեր բժիշկները հաստատում են մահը»,- նշեց բանախոսը:
Դիմելով քաղաքացիներին`«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենն ասաց` հաճախ դիմում են գլխացավի, ատամնացավի, շաքարի համար, որոնք այնքան էլ լուրջ խնդիրներ չեն:











































