Վրացական «Ախալի թաոբա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հակամարտությունների կարգավորման գծով Վրաստանի նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավան կտրուկ քննադատել է Վրաստանի հանդեպ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի համար վրացիները միայն միս են.
«Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է իշխանության մնալ ամերիկյան մութ ուժերի հաշվին, որոնք սեփական շահերն ունեն տվյալ տարածաշրջանում։ Սպասվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի փոխհարաբերությունները լրջորեն բարդանալու են։ Այդ պլանում Վրաստանը հիանալի հենակետ է։
Վրաստանը նաև հարմար հենակետ է Աֆղանստանի և ողջ տարածաշրջանի համար, ուր ամերիկացիներն օգնության կարիք են զգում։ Ամերիկացիների համար Վրաստանը միայն շահերի ոլորտ է։ Ես նրանց կողմից չեմ տեսնում ռազմավարական գործընկերություն կամ վրաց հանրության հանդեպ հարգանք, փոխարենը տեսնում եմ միայն ցինիզմ և կեղծ վերաբերմունք։
Նրանց համար մենք կոնկրետ գին ունեցող միս ենք, որը վրացական իշխանություններն արդյունավետորեն վաճառում են համաշխարհային քաղաքական շուկայում»։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի կեսերին ընդդիմադիր «Լեյբորիստական» կուսակցությունը կոչով դիմել էր վրացի զինծառայողների հարազատներին ու մերձավորներին, որպեսզի նրանք արգելք հանդիսանան իրենց զավակներին Աֆղանստան ուղարկելուն.
«Վաղուց Վրաստանն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար վերածվել է «թնդանոթի մսի արտադրամասի»։ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ իրենց զինծառայողներին չեն ուղարկում Աֆղանստան, մինչդեռ մեր երեխաների հետ նման կերպ վարվում է Սաակաշվիլին։ Դրանով նա ցանկանում է պահպանել իր իշխանությունը։
Մենք պահանջում ենք, որպեսզի ՆԱՏՕ-ն չօգտվի վրաց ժողովրդի անհաջողությունից և հրաժարվի իր օպերացիաներում վրացի զինծառայողներին ներգրավելուց»։











































