ԱՄՆ-ը և Եվրամիությունը պահանջում են Բելառուսից ազատ արձակել քաղբանտարկյալներին և վերականգնել նրանց իրավունքները: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի և անվտանգության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի համատեղ հայտարարության մեջ:
«Այսօր մենք հիշեցնում ենք, որ ամբողջ մեկ տարի է անցել Բելառուսի իշխանությունների կողմից քաղաքացիական հանրության, քաղաքական ընդդիմության և անկախ ԶԼՄ-ների նկատմամբ գործադրված դաժան ճնշումներից հետո»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է РИА Новости-ն:
Քլինթոնը և Էշթոնը նշել են, որ մինչ այժմ Բելառուսի իշխանությունները շարունակում են բանտ նստեցնել խաղաղ ցուցարարներին և ճնշել բողոքի խաղաղ ցույցերը: Բացի այդ, տեղեկություններ կան, որ բանտերում քաղբանտարկյալների հետ դաժան են վարվում:
«Նրանց մի մասին ազատ են արձակել, բայց մենք հիշեցնում ենք մեր կոչը՝ անհապաղ ազատ արձակել բոլորին և վերականգնել բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում՝ նախագահի թեկնածու Ալեքսեյ Սաննիկովի և Նիկոլայ Ստատկևիչի, ինչպես նաև իրավապաշտպան Ալես Բելյացկու իրավունքները»,- ասվում է փաստաթղթում:
Քլինթոնը և Էշթոնը անհանգստություն են հայտնել բելառուսական նոր օրենքի կապակցությամբ, որը, իրենց կարծիքով, սահմանափակում է մարդու հիմնական իրավունքները: Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի վերաբերմունքը Բելառուսի նկատմամբ կախված է այն բանից, թե ինչպես այդ երկրի իշխանությունները կկատարեն իրենց պարտականությունները ԵԱՀԿ շրջանակներում և որքանով կհետևեն մարդու իրավունքներին:
«ԱՄՆ-ը և ԵՄ-ը նախկինի պես ցանկանում են օգնել Բելառուսին իր պարտականությունների կատարման գործում»,- նշել են Քլինթոնը և Էշթոնը:
Բելառուսի ընդդիմությունը 2010 թ. դեկտեմբերի 19-ին երկրի նախագահական ընտրությիուննների արդյունքների հրապարակումից հետո Մինսկում կազմակերպեց չարտոնված բողոքի ակցիա, որի ժամանակ ձերբակալվեցին հարյուրավոր ընդդիմադիրներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ:







































