Glendalenewspress-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի դաշնային վերաքննիչ դատարանը վերստին անդրադառնալու է Կալիֆոռնիայի օրենսդրության հետ կապված այն խնդրին, որը կապված է ապահովագրական ընկերությունների դեմ Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից հայց ներկայացնելուն։
Մինչ 2000 թվականն այդ ժառանգները չէին կարող դատի տալ ապահովագրական ընկերություններին, սակայն 2000 թվականին Կալիֆոռնիայի Կոնգրեսի ընդունած օրենքով ճանաչվեցին Հայոց ցեղասպանության ժառանգների` կյանքի ապահովագրության շրջանակներում համապատասխան ապահովագրական ընկերություններից փոխհատուցում պահանջելու իրավունքները:
Սկզբնական շրջանում որպես դրա վերջնաժամկետ՝ սահմանվել էր 2010 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա այն երկարաձգվել էր մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը։
2009 թվականին Սան Ֆրանցիսկոյի 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ՝ բեկանվեց Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից իրենց անտեսված իրավունքներին վերատիրանալու համար օտար ընկերությունների դեմ դատական գործեր հարուցելու` Կալիֆոռնիայի նահանգային օրենքը:
2010 թվականի դեկտեմբերի 10-ին էլ ԱՄՆ-ի վերաքննիչ դաշտային դատարանը փոխեց իր դիրքորոշումը և որոշեց, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են գումարներ ստանալ ապահովագրական ընկերություններից։
Այժմ ապահովագրական կազմակերպությունները հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կալիֆոռնիայի Կոնգրեսի ընդունած օրենքը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։












































