Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Նավասարդ սրբազանի «Բենթլին» մատի փաթաթան դարձած մի բան է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Շահե աբեղա Անանյանը:

– Հայր Շահե, ըստ Ձեզ` եկեղեցին 2011-ին ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ զուտ եկեղեցական տեսանկյունից:

– Ձեռքբերումներից ամենագլխավորը թեմական կազմակերպչական առումով Ամենայն Հայոց Հայրապետի` Վրաստան կատարած այցը և այնտեղ թեմի առաջադրած հիմնախնդիրների բարձրաձայնումն էր: Հիմա արդեն քննարկվում է թեմի իրավաբանական կարգավիճակ ստանալու հարցը, ինչը բավական երկար տարիներ չէր հաջողվում: 2011-ի երկրորդ ձեռքբերումը թեմական կանոնադրությունների տարածումն ու հաստատումն էր, որով ավելի է շեշտվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի (սփյուռքում և Հայաստանում) կապը: Բացի այդ, 2011-ին Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 12-րդ և ծննդյան 60-ամյակը մեծ շուքով տոնվեց: Անկախ այն ամենից` սա կհասկացվի իբրև անհատի նախաձեռնություն, եկեղեցական կառույցի համար սա շատ կարևոր էր, քանի որ ամփոփում էր անցնող տասներկու տարիների ընթացքում եկեղեցու կատարած աշխատանքները, ձեռքբերումները, գործերը, ձեռնարկները: Այս տեսանկյունից Ամենայն Հայոց Հայրապետի` իր ծննդյան ժամանակ հնչած ելույթը որպես հաշվետու ամփոփագիր կարելի է ներկայացնել, քանի որ այնտեղ հստակորեն շեշտվեց, որ ձեռքբերումները շատ են: Բացի Վրաստանի թեմի խնդիրներից, առկա էր մեկ այլ խնդիր` Շվեյցարիայի թեմի հայտնի պատմությունը, որտեղ ի վերջո հաստատվեց օրինական կարգ ու կանոն, և, բնականաբար, այս երկու ամենակարևոր ձեռքբերումները կարելի է առանձնացնել թեմական եկեղեցական կյանքում եկեղեցական տեսանկյունից:

– Թեև Դուք կարևորեցիք Վրաստանի և Շվեյցարիայի թեմերի խնդիրների լուծումը, սակայն Շվեյցարիայի հայկական համայնքը չի հաշտվում Հայր Աբելին կարգալույծ անելու հետ, Վրաստանում էլ այցից հետո տևական ժամանակ հակասական մեկնաբանություններ և ասեկոսեներ էին շրջանառվում:

– Նախ` մեկնաբանությունները մի բան են, արդյունքների ամփոփումը` մեկ այլ բան: Արդյունքների ամփոփումից հետո էլ կարող են մեկնաբանություններ լինել: Արդյունքների ամփոփումը շատ հստակ է. ներկայումս ընթացքի մեջ է Վրաստանի թեմի կանոնադրության հաստատման գործընթացը: Երկրորդ` Տեր Աբելը կարգալույծ քահանա է, իսկ կարգալույծ քահանան չի կարող որևէ դերակատարություն ունենալ ներեկեղեցական կյանքում այն իմաստով, որ չի կարող ծիսակատարություններ, պատարագներ անել: Նշանակված է առաջնորդական տեղապահ, ինչը նշանակում է` թեմի գոյությունը դե ֆակտո և դե յուրե դրված է Շվեյցարիայում: Երրորդ, ամենակարևոր հանգամանքը` Սուրբ Հակոբ եկեղեցում կիրակի օրերին պարբերաբար պատարագներ են լինում, ինչպես նաև Ցյուրիխի գերմանախոս, Իտալիայի իտալախոս և ֆրանսախոս համայնքներում:

– Այսինքն` այսօր Շվեյցարիայի հայկական համայնքում խնդիրը լուծվա՞ծ է:

– Միանշանակ այո՛:

– Հայր Շահե, Դուք նշեցիք 2011-ի ձեռքբերումների մասին, իսկ ի՞նչ կորուստներ կան 2011-ի ընթացքում, արդյոք եկեղեցին կարո՞ղ է իր մեջ ուժ գտնել և արձանագրել կորուստների մասին:

– Իմ կարծիքով, ամեն անցնող տարի այսպես թե այնպես կորուստներ ունի, որովհետև մարդը միշտ էլ չարած բաները գրանցում է իբրև կորուստ: Բնականաբար, ես չեմ կարող խոսել ամբողջ եկեղեցու համար, քանի որ իմ գործունեության տարածքը շատ փոքր տարածք է, բայց դիտարկելով ամբողջ եկեղեցական կյանքի ծիրից ներս` կարելի է արձանագրել, որ կորուստներ ասվածը շատ հարաբերական է, բայց կարելի է խոսել բացթողումների մասին: Ինչպես Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում նշեց, 2012-ին պետք է լինի հիմնականում հոգևորականների պատրաստության, այսինքն` բարձրագույն կրթության ապահովման նորովի առաջադրումը: Բացի այդ, պետք է լինի սոցիալական ծառայության նորացում: Ինձ թվում է` այս երկու ոլորտներում էլ լինելու են տեղաշարժեր: Հոգևորականների պատրաստության պարագայում տարեվերջին հատուկ ֆոնդ է ստեղծվել: Ֆոնդը հնարավորինս ծառայեցվելու է հոգևորականների բարձրագույն կրթության համար: Այսինքն` կադրային քաղաքականությունը և մասնավորապես նոր սերնդի հոգևորականների պատրաստությունը լինելու է առաջին պլանում, և եթե 2011-ին այս գործընթացը դիտարկենք իբրև բացթողում, թերևս 2012-ին այս ծրագրին կտրվի մեծ նշանակություն, որովհետև արդեն ստեղծված է որոշակի ֆոնդ, և այդ ֆոնդի ռեսուրսներով հնարավոր կլինի նոր ծրագրեր առաջադրել այս ոլորտում:

– Եթե ֆոնդ է ստեղծված հոգևորականների բարձրագույն կրթության համար, ստացվում է` ճեմարանում ստացած գիտելիքները չեն բավարարում հոգևորականին, և դրա համար նոր առարկա է պետք: Այն գիտելիքները, որոնք ձեռք են բերվում ճեմարանական տարիներին, բավարա՞ր չեն:

– Գիտելիքների հարց չէ: Միշտ կարելի է գիտելիքներ ձեռք բերել և միշտ կարելի է աշխարհի տարբեր կողմերից դասախոսներ հրավիրել դասավանդելու: Պարզապես անհրաժեշտ է ունենալ բանիմաց հոգևորականներ, արտասահմանյան և հայաստանյան բարձրագույն կրթություն և որակավորում ունեցող հոգևորականների մի խումբ, որոնք կկարողանան ստեղծել այդ դպրոցը: Ի վերջո, ինչքան էլ ուզենք գիտելիքի վրա շեշտադրում անել, գիտելիքը մնալու է սառը, անշարժ վիճակում` առանց որևէ դինամիկայի, որովհետև չկա դպրոց, չկա այդ գիտելիքը համակարգող սիստեմ: Նախևառաջ հոգևորականների պատրաստության և գիտելիքի ձեռքբերման, կարգավորման գործընթացն է, որ ավելի շատ կարևորվում է այս տեսանկյունից: Իսկ եթե խոսենք հոգևորականի պատրաստության մասին, ինձ թվում է` ճեմարանում ստացած գիտելիքը բավականաչափ է, որ հովիվ լինենք ժողովրդի համար, բայց այսօր եկեղեցու առաջ, հովվությունից բացի, ծառացած են նաև այլ խնդիրներ` սոցիալական խնդիր, եկեղեցու բարոյական, քրիստոնեական, աստվածաբանական բազմաթիվ հարցեր կան, նորանոր խնդիրներ, սեռականություն, ամուսնություն, քաղաքականություն` եկեղեցի-պետություն, որոնց համար անհրաժեշտ են մասնագետներ և մասնագիտական կարծիքներ հոգևորականների կողմից:

– 21-րդ դարը իսկապես անակնկալ է եկեղեցու համար իր բոլոր մարտահրավերներով, մասնավորապես եկեղեցու նկատմամբ հասարակական տրամադրությունները վերջին մեկ տարվա ընթացքում ավելի շատ դրսևորվում են սոցիալական ցանցերում, համենայնդեպս այնտեղ, որտեղ մեծ հաշվով վերահսկողություն չկա: Եկեղեցին ի՞նչ դիրք պետք է ընդունի: Հաճախ հասարակական տրամադրությունները որպես թշնամանք որակելով արդյոք խնդրին լուծո՞ւմ ենք տալիս, ինչո՞ւ չկա դիալոգ:

– Եկեղեցին միշտ գնում է դիալոգի, բայց դիալոգի գնալու համար նախ պետք են երկխոսող երկու կողմեր: Եկեղեցին նախևառաջ կառույց է, որտեղ հասարակության ամեն առաջարկ նախ պետք է քննվի համապատասխան մասնագետների կողմից: Օրեր առաջ Լյուքսեմբուրգում Եվրամիությունը և Եվրախորհուրդը կազմակերպել էին հանդիպում, որտեղ քննարկվում էր` ինչպիսի մասնագետ լրագրողներ պետք է պատրաստել կրոնը և կրոնական հասարակությունը քննադատելու համար, որպեսզի մամուլում անգրագետ քննադատություններ հանդես չգան: Իմ կարծիքով` սա այսօր Հայաստանի համար հիմնախնդիր է, ոչ միայն հայոց եկեղեցին, այլ նաև Հայաստանն ընդհանրապես պատրաստ չէր 21-րդ դարին, որովհետև մի կողմից եկեղեցին բավական ռեսուրսներ չուներ գիտական, մտավոր և նյութական իմաստով 21-րդ դար մտնելու համար, մյուս կողմից` ՀՀ-ն և Հայաստանի դեռ նոր-նոր ձևավորվող քաղաքացիական հասարակությունը նույնպես պատրաստ չէ 21-րդ դար մտնելուն: Բավական է միայն թերթել եկեղեցու հասցեին արված և՛ քննադատությունները, և՛ դիտարկումները, և՛ նկատողությունները, և՛ նկատառումները. դրանց 80 տոկոսը ոչ ճիշտ, ոչ գիտական և թող թույլ տրվի ինձ ասել` անգրագետ արված դիտարկումներ են, որոնք զուրկ են որևէ գիտական և հիմնավորված փաստերից ու քննադատություններից: Եթե կա հիմնավորված գիտական քննադատություն, եկեղեցին անպայման ի նկատի է առնում, և ստեղծվում են բազմաթիվ հանձնաժողովներ` հարցը քննարկելու, համապատասխան լուծման բերելու, բայց եթե քննադատությունը որևէ հասարակական կառույցի կամ ընդհանրապես որևէ հասարակական ձայնի զուրկի է որևէ հիմնավորումից և պարզապես քննադատություն է քննադատություն լինելու համար, այստեղ դիալոգի երկու կողմերն էլ խնդիր ունեն:

– Ասածս կապ չունի գիտական հիմնավորման հետ. երբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը ձեռք բերեց «Բենթլի» մակնիշի մեքենա, հասարակական մեծ ընդվզում առաջացավ: Հասարակությունը մի բան էր ասում` արդյոք պե՞տք է եկեղեցականը նման ճոխություն թույլ տա իրեն:

– Ես Ձեզ մի ուրիշ հարց տամ, այդ նույն հասարակությունը, որևէ թերթերի միջոցով քննադատո՞ւմ է, արդյոք նույն սրությամբ կարո՞ղ է քննադատել մնացած բոլոր մեր նախարարների և օլիգարխների մեքենաները: Թե՞ այստեղ ուրիշ հարց կա, որ շատ ավելի խորն է, և մենք չենք կարող հասկանալ: Ես չեմ ուզում ոչ կողմ և ոչ էլ դեմ արտահայտվել: Ինձ համար միանշանակ է` հոգևորականն իր ամբողջ կյանքում հնարավորինս ապրում է ժուժկալ և համեստ կյանքով, որովհետև համենայնդեպս հոգևորականը չունի այն աշխարհիկ հնարավորությունները և ցոփությունները, որ կարելի է թույլ տալ իրեն, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ, օրինակ, մեր շատուշատ հոգևորականներ և առաջնորդներ, բացի այն, որ եկեղեցական առաջնորդներ են, նաև ունեն որոշակի ազդեցություններ սփյուռքում և Հայաստանում: Հետևաբար եթե արվում է որևէ նվեր կամ եթե տրվում է որևէ բան, որ ինքը իբրև ազատ մարդ կարող է տնօրինել, այս դեպքում ես որևէ անպատեհություն և որևէ շքեղություն չեմ տեսնում` մանավանդ հաշվի առնելով, որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին «Բենթլին» էր: Միայն հաշվեք Երևանում եղած մեքենաների քանակը և կտեսնեք, որ Նավասարդ սրբազանի «Բենթլին» սրա կողքին պարզապես մատի փաթաթան դարձած մի բան է: Եթե հասարակությունը կարող է քննադատել Նավասարդ սրբազանի «Բենթլիի» կողքին մնացած բոլոր բենթլիները և մեքենաները, այդ դեպքում ամենայն սիրով կընդունեմ, եթե ոչ, առանձնացնել այս մեքենան և դնել նշանակետի տակ, սա նշանակում է պարզապես անաչառ վերաբերմունքի պակաս:

– Ուզում եք ասել` հասարակությունը թիրախ է ընդունել եկեղեցին և անտեսում է իշխանությա՞նը:

– Հաճախ եկեղեցին ընտրվում է թիրախ, և շատ հաճախ հաշվի չեն առնվում եկեղեցուց դուրս եղած արատավոր երևույթները, և շատ հաճախ եկեղեցին ընտրվում է պարզապես թիրախ ուշադրություն շեղելու համար: Իսկ գալով եկեղեցականի ճոխությանը կամ ոչ ճոխությանը` պարզապես պետք է նայել կոնտեքստին և հանգամանքներին: Ի վերջո, Նավասարդ սրբազանի ունեցած մեքենան Նավասարդ սրբազանի առաջնորդության ավարտից հետո նրան հաջորդողն է օգտագործելու և նույն կերպ Վեհափառի մեքենան հաջորդ կաթողիկոսը մի՞թե չի օգտագործելու այդ մեքենան: Գնացեք Վրաստանում նայեք եպիսկոպոսներին, կաթողիկոսներին և մեքենաների շքեղությունը: Հարցը պետք է դիտարկել այնպես, ինչպես որ է: Եթե նայենք անհատը «Բենթլի» է քշում կամ «Մերսեդես», հարցը անհատը չէ, հարցը կառույցն է: Եթե կառույցի կարևոր պաշտոնի վրա գտվող մարդիկ ունեն որոշակի հնարավորություններ և ունեն որոշակի դիրք, ուրեմն պետք է հաշվի առնենք, որ այս մարդը որոշակի ազդեցություն և դիրք ունի և՛ եկեղեցու, և՛ մեր հասարակության մեջ:

– Դուք ժխտո՞ւմ եք հոգևորականի` բիզնեսով զբաղվելը:

– Բիզնեսն` իբրև այդպիսին, իբրև արատավոր երևույթ, միանշանակ, բայց եթե հոգևորականը որևէ հնարավորություն չունի ապրելու և ստիպված է աշխատել նաև իր ընտանիքի հոգսը պահելու համար, ինչը շատ հազվադեպ է և գրեթե անհնար, դժվար թե այն բիզնես համարվի, բայց չեմ ժխտում, որ հոգևորականը պետք է աշխատի, բայց ոչ բիզնեսով զբաղվի:

– Հայր Շահե, տեսակետ կա. դարեր շարունակ եկեղեցին իր առջև հայապահպանության և ազգապահպանության խնդիր է դրել: Որպես կանոն` խնդիր չի դրել Ավետարանը քարոզելու, փոխարենը` այլ կրոնական կազմակերպություններ կարողանում են Սուրբ գրքով հաղթել: Այս քսան տարվա ընթացքում եկեղեցին ի՞նչ փոփոխությունների պետք ենթարկվեր, արդյոք չպե՞տք է գործողության վեկտորը փոխվեր:

– Ավետարան քարոզելը չի նշանակում քարոզել միայն Ավետարան: Սա մեկընդմիշտ պետք է հիշել: Իսկ թե ինչու են նորելուկ կրոնական կազմակերպություններն ավելի հաջողում, պատասխանը շատ հստակ է. եթե ուշադիր նայեք` նրանց ներքին կազմակերպվածությունը և քարոզի մոտեցման ձևը շատ հստակ է, նրանք ունեն ամեն բանի պատասխան: Գիտական գրականության, կրոնական սոցիոլոգիայի մեջ սա ընդհանրապես «այո, այո»-ի սիստեմն է: Այսինքն` ամենը, ինչ կա գրված Սուրբ գրքում, բառացիորեն պետք է հասկանալ. ո՞վ է ստեղծել աշխարհը` Աստված, քանի՞ օրում` վեց օրում: Սրանից դուրս որևէ քննարկում չկա, սա շատ կարևոր պայման է, որովհետև աշխարհի գրեթե բոլոր անկյուններում կրոնական կազմակերպությունները նույն սիստեմով են գործում:

Գալով հայ եկեղեցի`քարոզել է Ավետարան, թե չի քարոզել, պարզ վիճակագրություն բերեմ. մեր եկեղեցու մատենագրական ժառանգության 75 տոկոսը Ավետարանի և Աստվածաշնչի մեկնություն են, բացատրություն և քարոզ`ընդհուպ մինչև 18-րդ դարի վերջ: Գալով ազգապահպանության հարցերին, հստակ է, որ եկեղեցին 1375-ից` Կիլիկյան Հայաստանի կործանումից հետո իր վրա է վերցրել նաև ազգապահպանության հարցը, քանի որ եթե չկա պետություն, եթե անհետանալու եզրին է հայերեն լեզուն, հայ տիպը, հայ քրիստոնյա տեսակը որպես այդպիսին, յուրաքանչյուր քրիստոնյայի պարտքն է օգնել քրիստոնյա տեսակի զարգացմանը և գոյատևմանը:

– Ըստ էության, մինչև անկախությունը եկեղեցին ազգապահպանության, հայապահպանության համար էր պայքարում: Անկախությունից հետո իշխանություն կա, որը հակակշիռ է եկեղեցուն: Եկեղեցին արդյոք անկախությունից հետո վերագտե՞լ է իրեն:

– Անկախ պետականությունը մեզ բնավ չի խանգարում համագործակցել պետության հետ և կարողանալ երկու կողմերով էլ հայապահպանություն իրականացնել աշխարհում: Չեմ կարծում`հայագիտությունը հասել է այնպիսի աստիճանի, որ այլևս պետությունը միայնակ կարող է հայագիտությամբ և հայապահպանությամբ զբաղվել և լավագույնս իրականացնել: Սփյուռքում մենք մեծ խնդիրներ ունենք, և սա որևէ մեկի համար գաղտնիք չէ, սփյուռքում չունենք այն հզոր պետական կառույցները, որոնք կարողանան փոխարինել եկեղեցական կառույցներին: Հետևաբար, քանի դեռ պետական իշխանական կառույցները լավագույնս չեն վերլուծել իրավիճակը և չեն առաջադրել այլընտրանք ընդունված ավանդական բնական հունով, եկեղեցին է, որ մասնավորապես սփյուռքում կատարելու է հայապահպանման դերը, ժողովրդին հայերեն Ավետարան է քարոզելու: Ի վերջո, հայկական քրիստոնեությունը ևս քրիստոնեության մի տեսակ է: Չի կարելի ասել, որ քրիստոնեությունը գլոբալ է, և աշխարհի բոլոր ազգերը նույն քրիստոնեությունն են ընդունում: Նախևառաջ մեր պարտքն է քրիստոնեությունը հայերեն լեզվով տալ մարդկանց, սա մեր ազգային արժեքն է, իսկ քանի դեռ պետությունը (20, թե 220 տարի կանցի) չի առաջադրում որևէ այլընտրանք, ստացվում է և՛ եկեղեցին, և՛ պետությունը համատեղ կերպով ձեռք ձեռքի պետք է կարողանան լավագույնս լուծել հայապահպանության խնդիրները:

Սովետական իշխանության տարիներին հստակ էր, որ պետությունը որոշակի այլընտրանքային լուծումներ էր առաջադրում, գրքեր էր ուղարկում սփյուռք, զարկ էր տալիս սփյուռքահայ գրականության պատմության ստեղծմանը, արևմտահայերենի ուսուցմանը և այլն: Այսօր որոշակի քայլեր են նկատվում, բայց բոլորս էլ գիտենք, որ 6 միլիոնից ավելի սփյուռքի համար սա դեռևս բավարար չէ, և սփյուռքն ավելին է ակնկալում պետությունից իբրև բոլոր հայերի հայրենիք: Այստեղ խնդիրը շատ հստակ է. պետությունը 20 տարվա մեջ չէր էլ կարողանա այս հիմնախնդիրների կողքին առաջնային հարց դարձնել սփյուռքի հետ հարաբերությունների մշակումը: Եթե նույնիսկ պետությունը մշակի այլընտրանքային մեթոդներ և այնքան հզորանա, որ կարողանա այս հիմնախնդիրները լուծել, եկեղեցին մնալու է իբրև այն միավորող կամուրջը, որտեղ բոլոր հայերը գտնելու են իրար:

– Հայր Շահե, շատ կարծիքներ են հնչում, որ քրիստոնյա ազգ չդարձանք, և այն ժողովրդավարական արժեքները, որ քրիստոնեության հիմքում են, մենք բովանդակային առումով չկիրառեցինք: Համամի՞տ եք:

– Համաձայն չեմ, որ եվրոպական արժեքները պարտադիր կերպով քրիստոնեական են: Եվրոպական արժեքների մեջ, համենայնդեպս 1984-ից այս կողմ խմբագրված եվրոպական տեքստերի մեջ քրիստոնյա բառը չկա: Վերջին նմանատիպ արտահայտությունը 60-ականներին գրված հռչակագիրն էր, դրանից այս կողմ քրիստոնյա բառ չկա, մոռացեք դրա մասին: Երկրորդ` ամեն ազգ յուրովի է ընկալում և մեկնաբանում քրիստոնեությունը: 301-ին ընդունվեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, արդեն 313-ին հիշատակություն կա, որ հայերը հանուն քրիստոնեության պայքարում էին ընդդեմ հռոմեական կայսրի: Սա նշանակում է, որ քրիստոնեությունը մեր իրականության մեջ բավական խորը արմատներ ունի: Իսկ թե ինչ փոփոխությունների է ենթարկվել մեր ազգը, կարելի է տեսնել պատմագրությունն ուսումնասիրելով: 5-րդ դարից եկող մշակույթը, որով հպարտանում ենք, կարելի է ասել, որ դա քրիստոնեական չէ: Դրանից այն կողմ մեր այն բոլոր արժեքները, որոնցով մենք հպարտացել ենք և՛ կաթոլիկների, և՛ լատինների, և՛ հույների, և՛ մնացած բոլոր ազգերի առաջ, ընդհուպ Երուսաղեմում մեր սեփական վանքը ունենալը, և օտարերկրացիները, երբ այցեր էին կատարում վանք, հիանում էին քրիստոնեական արժեքների պահպանությամբ այդ վանքում: Ասել, որ մենք այդպես էլ քրիստոնյա չդարձանք, ինձ թվում է` ոչ ռեալ արտահայտություն է, քանի որ մենք քրիստոնյա դարձանք և ենք, հակառակ այն ամենին, ինչ անցավ հայ ժողովրդի գլխով, բայց ես համամիտ եմ, որ դեռ քրիստոնեական արժեքների որդեգրման և ամրագրման գործում շատ-շատ բան կա անելու, մասնավորապես` քրիստոնեական արժեքների որդեգրումը մեր հայ ընտանիքներում: Այսօր մենք ընտանիքի մեծագույն խնդիր ունենք Հայաստանում: Ճիշտ է, չի բարձրաձայնվում այդ մասին, բայց հստակ է. ընտանիքի այն արժեքը, գաղափարը, որ մեզ տվել է քրիստոնեությունը, այսօր կարծես թե վտանգման եզրին է: Բացի ընտանիքը, այսօր մենք մեր ազգային արժեքների նկատմամբ, ինչը մեզ սովորեցրել է քրիստոնեությունը, մեր լեզվի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունենք: Միացրեք հեռուստացույցը և տեսեք` ինչ վերաբերմունք ունենք մենք մեր լեզվի նկատմամբ:

– Մենք ինչպիսի՞ հայ ընտանիք ենք պատկերացնում, կբացե՞ք չակերտները: Մենք հայ ավանդապահ ընտանիքի մոդել ենք ստեղծել, մեկ էլ պարզվել է, որ հայ ընտանիքը ամենաշատ խնդիրներն ունի, որտեղ կնոջ իրավունքները ոտնահարված են, սա՞ էինք պատկերացնում որպես հայ ընտանիք:

– Պատկերացնելը մի բան է, իրականությունը մեկ բան է: Հստակ է, որ մեր պատկերացրած քրիստոնեական ընտանիքն ամեն ժամանակներում մի տեսակ թարմացվում էր, դրա համար է եկեղեցական կանոնների առատությունը հայ ընտանիքի վերաբերյալ: Աշխարհում հայ եկեղեցին միակն է, որտեղ սերունդների (պորտերի) հաշվարկն սկսվում է նաև կնոջից, աշխարհում որևէ նման եկեղեցի չկա: Երկրորդ հարցը`այն բոլոր արատավոր երևույթները, որ օտար ազդեցությամբ տեղ գտան հայ ընտանիքում, սա դեռևս չի նշանակում, որ մեր պատկերացրած հայ ընտանիքը այդպիսին էլ պետք է լիներ: Պարզապես նոր ժամանակներում մենք կարիք ունենք հայ ընտանիքի նորովի պատկերացման և ներկայացման: Ինչ է նշանակում կինը իրավունքներ չուներ, երբ բոլոր ձեռագիր քրիստոնեական մաշտոցները, երեխայի քրիստոնեական դաստիարակությունը մորը և կնքահորն էր հատկացվում: Պարզապես դնել այս ամենը եվրոպական նորարարության և լուսավորության լույսի տակ, և Հայաստանը բարեխղճորեն և բարի նպատակներով դիտարկել որպես Եվրոպայի մի մաս, փորձել եվրոպական լուսավորության «լույսի», պրիզմայի տակ դնել Հայաստանը` սխալ է:

Հայաստանում կնոջ կրթության խնդիր կա, նա նախևառաջ պետք է այնպիսի կրթություն ստանա, որ ինչ-որ իմաստով փոխի քարացած ստերեոտիպային մտածելակերպը: Մենք, փառք Աստծո, ունեցել ենք կին գիտնականներ, հասարակական գործիչներ, բայց այդ կրթական ոլորտի մեջ կանանց պետք է սովորել ոչ թե սովորելու համար, որ դիպլոմ ունենա, որը օժիտ պետք է ծառայեցնել, այլ պետք է սովորեն, որ բան փոխեն հասարակության մեջ:

– Նկատելի՞ են այդ պրոցեսները:

– Չեմ կարող ասել, անկեղծ չգիտեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում