Ղազախստանի արևմուտքում գտնվող Մագնիստաուսկյան շրջանի Շետպեի կայարանում ոստիկանությունը կրակ է բացել զանգվածային անկարգությունների մասնակիցների վրա, ինչի արդյունքում մեկ մարդ մահացել է,իսկ 12-ը վիրավոր են:
Ժանաոզենում տեղի ունեցած ցույցի մասնակիցներին աջակցելու համար մի խումբ մարդիկ արգելափակել էին տեղի երկաթգծով ընթացող գնացքների ճանապարհը։
«Հետո անկարգությունները շարունակվել են Շետպեյի տարածքում, որտեղ այրվել է տոնածառը, կոտրվել են խանութների ապակիները և ավտոմեքենաների պատուհանները»,- հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը:
Հաշվի առնելով, որ օրինախախտների գործողությունները սպառնացել են խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը և ոստիկանության աշխատակիցների կյանքին, ոստիկանները ստիպված կրակ են բացել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Նախնական տվյալների համաձայն՝ վիրավորվել է 12 մարդ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:
Զանգվածային անկարգությունների արդյունքում դեկտեմբերի 16-ին Ժանաոզենում Ղազախստանի իշխանությունների տվյալների համաձայն զոհվել է 11 մարդ: Սակայն իրավապաշտպանները պնդում են, զոհերի և վիարվորների թիվն ավելի շատ, քան հաղորդում է երկրի ՆԳՆ-ն:












































