«Սլաք» ակումբի այսօրվա հյուրն էր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ իշխանական կուսակցությունը զբաղված է կուսակցական տոմսեր բաժանելով` նա նշեց. «Կործանումը սկսվում է այսպես` բոլշևիզմյան պրակտիկային բնորոշ ձևով»,- նշեց նա` անթույլատրելի համարելով նաև պաշտոնյաների` կրծքանշաններով աշխատավայր ներկայանալը:
Վ.Հովհաննիսյանը նշեց, որ քվեահունձի պրոցեսը արդեն իսկ սկսված է, ընտրախախտումներն արդեն իսկ սկսվել են, և մենք միշտ ընտրություններից մի քանի օր առաջ ենք սկսում ընտրակեղծիքները. «Երբ բանը հասնի ընտրություններին, արդեն հունձը պատրաստ է լինելու»:
Անդրադառնալով ձեռներեցների`ընտրական ցուցակներում հայտնվելուն, նա նշեց. «Բիզնեսով զբաղվել չի կարելի, բայց սեփականություն կարող է ունենալ: Եթե ձեզ թվում է Միացյալ Նահանգներում սենատորները փողոցից հավաքված բոմժեր են` սխալվում եք: Չես կարող մարդուն արգելել սեփականություն ունենալ, բայց կարող ես արգելել դրանում իր շահը թելադրել»:
Անդրադառնալով ապագա խորհրդարանի պատկերին նա նշեց, թե չէր ցանկանա կանխատեսումներ անել. «Ճիշտ մոդելն այն է, որ ժողովուրդը ինքը որոշի, մարդը սեփական խելքով հասկանա, որ իր քվեն մի քանի հազար դրամ չէ, և այդ դեպքում բոլոր ձայնահավաք մեքենաները կփչանան: Իմ հույսն այն է, որ ընդդիմադիր ուժերը կկարողանան արթնացնել ժողովրդի իմունային համակարգը», հայտարարեց դաշնակցական գործիչը:
Պետք չէ վերցնել ընտրակաշառք այն ուժերից, որոնցից զզվում ես, նշեց Վ. Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ մի ժամանակ մտածում էր` ինչու ոչ, թող վերցնեն ընտրակաշառք, գնան քվեարկեն նրան` ում ցանկանում են. «Հիմա հասկացել եմ, որ դա սխալ է, կան ուժեր, որոնց ձեռքը չպետք է սեղմես ու ասես` դու էլ, քո փողն էլ, քո մնացածն էլ…»:











































