Արձագանքելով Քաջարան գյուղի բնակիչների բողոքներին`բնապահպան ակտիվիստները որոշել են մեկնել և ծանոթանալ գյուղում տիրող վիճակին: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը`հավելելով, որ կխոսեն գյուղի բնակիչների հետ, կծանոթանան խնդրին:
Այս տարվա ապրիլ ամսին կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում՝ Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու և դրանց նպատակային նշանակությունը փոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Գյուղացիները դեմ են որոշմանը և չեն ցանկանում իրենց ընտանիքների ստեղծած ունեցվածքը թողնել բիզնեսին:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ արդեն 5 տարի է, ինչ պայքարում է գյուղի խնդիրները լուծելու համար, սակայն իշխանություններն ուշադրություն չեն դարձնում:







































