Ըստ «Քլինլենդ» ընկերության հանրային կապերի տնօրինության հաղորդագրության՝ դեկտեմբերի 20-ին Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբում տեղի կունենա ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Գաբրիելյանի և հանրային կապերի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսից հետո ԶԼՄ-ների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կկազմակերպվի շրջայց Գյումրիի աղբի տեսակավորման գործարան:
Ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ աղբը տեսակավորվում է, իսկ նրանում եղած որոշ նյութերը` վերամշակվում: Կենցաղային աղբի կառավարման միջոցով Հայաստանի որոշ մարզերում շուտով հնարավոր կլինի լուծել բնապահպանական մի շարք խնդիրներ, ինչը կնպաստի աղբավայրեր ուղղվող աղբի ծավալների կտրուկ նվազմանը, դրանց որակական ցուցանիշների փոփոխմանը, բնապահպանական և առողջապահական խնդիրների բարելավմանը, կենցաղային աղբահանության որակի բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«Քլինլենդ» ընկերությունը Գյումրի և Վանաձոր քաղաքներում կառուցել է տեսակավորման գործարաններ: Նշված քաղաքներից յուրաքանչյուրում նախկինում օրական հավաքվում էր մեծ քանակությամբ կենցաղային աղբ, որն առանց տեսակավորման ուղղվում էր համապատասխան աղբավայրեր:
Հայաստանում գոյություն ունեցող աղբավայրերը և չարտոնագրված աղբակույտերը չեն համապատասխանում բնապահպանական նորմերին: Կենցաղային աղբի մեջ գտնվող տարբեր ոչ օրգանական նյութերը ոչ միայն չեն լուծվում, այլ նաև տարբեր բնակլիմայական ազդեցությունների ներքո արտադրում են թունավոր նյութեր, որոնք անցնում են մթնոլորտի և ստորգետնյա ջրերի մեջ` վտանգելով հարակից բնակավայրերի բնակիչների առողջությունը: Վերոհիշյալ քաղաքների բնակիչների առողջության և էկոհամակարգի պահպանության, ինչպես նաև արդյունավետ աղբահանության կազմակերպման նպատակով Վանաձորի, Գյումրիի, Հրազդանի, Դիլիջանի և Սևանի քաղաքային համայնքների ավագանիների որոշումներով՝ «Քլինլենդ» ընկերությանը տրամադրվել է աղբի տեսակավորման բացառիկության իրավունք` 25 տարի ժամկետով:
Վանաձորում 2011 թ. փետրվարից աղբը տեսակավորվում է ընկերության կողմից, ստեղծվել է շուրջ 30 աշխատատեղ, համայնքին ամսական վճարվում է 3 միլիոն դրամ` հավաքված աղբի դիմաց:
2011 թ. սեպտեմբերից սկսել է աշխատել Գյումրիի տեսակավորման գործարանը, որտեղ ստեղծվել է շուրջ 40 աշխատատեղ:
«Քլինլենդ» ընկերության վերամշակման գործարանը կառուցվել է Երևանում, սույն թվականի նոյեմբերից տեսակավորման գործարաններից օգտահանված նյութերը վերամշակվում են` դառնալով երկրորդային արտադրանքի հումք:







































