Եվրոպայի խորհրդի քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներում շնորհել 17 մարդու, ովքեր բանտում են հայտնվել այս տարվա գարնանը՝ Բաքվում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Եվրոպայի խորհրդի երկու զեկուցող Ալիևին նամակ են գրել, որում ասվում է, որ բանտարկվածները բանտում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների պատճառով: Նամակի հեղինակները խնդրում են Ալիևին մինչև այս տարվա վերջն ազատել այդ մարդկանց:
Զեկուցողներից մեկը` իսպանացի սենատոր Պեդրո Շրիֆտ դե Մորան, հրաժարվել է մեկնաբանել, թե ինչպիսի միջոցներ կարող են ձեռնարկվել ԵԽ–ի կողմից Ադրբեջանի նկատմամբ, եթե իշխանություններն այդ մարդկանց չազատեն:
Միաժամանակ սենատորը նաև նշել է, որ իրավիճակն Ադրբեջանում նման է նախկին խորհրդային երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում առկա իրավիճակին:





































