Մենք չունենք օրենք, որով Քաջարանը իր տարածքը պետք է տրամադրի բիզնեսին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը`խոսելով Քաջարան գյուղի շուրջ ծավալված հասարակական շարժման շուրջ:
Cronimet mining ընկերությունը օրերս պատասխանել էր բաց նամակին`նշելով, որ գործում են ՀՀ օրենսդրության շրջանակում: Արձագանքելով այս պատասխանին`Ի. Զառաֆյանն ասաց, որ մենք գյուղի վտարման մասին օրենք չունենք և չենք կարող ունենալ: «Գյուղն իր իրավունքներն ունի և պաշտպանում է իր սահմանադրությունը: Մենք անօրինական և անսահմանադրական ենք համարում այդ որոշումը»,- մեկնաբանեց Ի. Զառաֆյանը`հավելելով, որ կապ են պահում գյուղի բնակիչների հետ:
Բնապահպանները պնդում են, որ որոշումը չեղյալ համարվի:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում՝ Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու և դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:







































