Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդիկ ավելի շատ կարեկցանք են տածում կենդանիների և անգամ մեքենաների, քան անտուն մարդկանց կամ թմրամոլների հանդեպ:
Հյուսիսային Կարոլինայի Դյուքի համալսարանի և Նյու Ջերսիի Փրինսթոնի համալսարանի հետազոտության արդյունքները կարող են բացահայտել, թե ինչու այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Հիտլերը կամ Ստալինը, ի վիճակի էին սարսափելի տանջանքների և ցեղասպանության ենթարկել ամբողջ ազգերի՝ նրանց ,մեջ «մարդ» չտեսնելով։
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեզնից յուրաքանչյուրը մոռանալ, որ դիմացինը ևս մարդ է և ունի զգացմունքներ:
Mail Online-ը գրում է, որ հետազոտողները 100 ուսանողների խնդրել են ասել, թե ինչ են զգում, երբ նայում են իրենց ցուցադրվող տարբեր նկարներին։ Հրշեջների նկարը ուսանողների մոտ հպարտության զգացում է առաջացրել, իսկ հաշմանդամ կնոջ նկարը՝ խղճահարություն: Սակայն անտուն կնոջ նկարը հետազոտության մասնակիցների մոտ առաջացրել է զզվանքի զգացում: Այնուհետև մասնակիցներին խնդրել իրենք իրենց պատկերացնել նկարներում պատկերված մարդկանց կյանքով գոնե մեկ օր ապրելիս, որից հետո ուսումնասիրվել է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նրանց ուղեղներում: Արդյունքում ոչինչ էլ չի փոխվել, և թմրամոլի կամ անտուն մարդու նկարն ի վիճակի չի եղել կարեկցանքի զգացում առաջացնել մասնակիցների մոտ:
Հետազոտողներն ասում են, որ դեռ հարկավոր են նոր ուսումնասիրություններ այս բնագավառում` պարզելու համար, թե ինչն է այսպիսի վերաբերմունքի պատճառը:











































