Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Օրակարգի հարցերից մեկով հանդես է եկել խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Նիստին մասնակցել են ներկայացուցիչներ նախարարություններից, միջազգային կազմակերպություններից և հասարակական կազմակերպություններից:
Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը Քաջարան գյուղի և բնակիչների խնդրով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին`ակնկալելով ստանալ հստակ պատասխան: «Առաջին լրատվական»-ին Արման Վերմիշյանը տեղեկացրեց, որ ոչ մի էական պատասխան չստացավ: «Ասացին, որ շնորհակալ են և նկատառումը հաշվի կառնեն»,- նշեց Ա. Վերմիշյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում՝ Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու և դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:











































