News Georgia-ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է երկրի խորհրդարանին՝ ևս մեկ հետևակային գումարտակ Աֆղանստան ուղարկելու համար, որը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կազմում զբաղվելու է խաղաղապահ առաքելությամբ։
Հիշեցնենք, որ Վրաստանը ISAF-ի գործողություններում ներգրավվել է 2009 թվականի օգոստոսի 6-ից։ Ներկայումս Աֆղանստանում են 925 վրացի խաղաղապահներ։ Նրանց դասակը (175 զինվոր ու սպա) տեղակայված է Քաբուլ քաղաքում՝ Ֆրանսիայի պատասխանատվության գոտում, իսկ գումարտակը (749 մարդ)՝ Հիլմենդ նահանգում՝ ԱՄՆ պատասխանատվության գոտում։
Ավելի վաղ նշվում էր, որ 2012 թվականին Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների թվաքանակը հասնելու է 1500-ի, որով և Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտն ունեցող երկիրը։
Սեպտեմբերի սկզբին Աֆղանստանում զոհվել է 10-րդ վրացի զինծառայողը։ Ընդհանուր առմամբ, Աֆղանստանում վիրավորվել է ավելի քան 20 վրացի զինծառայող։












































