News Georgia-ի փոխանցմամբ՝ եռօրյա աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպումներ է ունեցել իր բրիտանացի գործընկեր Վիլյամ Հեյգի հետ և Համայնքների պալատում։
Վրաստանի ԱԳՆ-ի մամլո դեպարտամենտը հայտարարել է, որ այդ հանդիպումներում Վաշաձեն շնորհակալություն է հայտնել Վրաստանին ցուցաբերած աջակցության համար.
«Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Հեյգը նաև մեծապես կարևորել է Աֆղանստանում տարվող խաղաղապահ գործողություններում (ISAF) Վրաստանի մասնակցությունը և վերջին շրջանում Վրաստանի իրականացրած տնտեսական ու քաղաքական բարեփոխումները»։
Բացի այդ, երեկ Լոնդոնում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Վրաստանի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
Հիշեցնենք, որ Վաշաձեն վերջին անգամ աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա է ժամանել 2010 թվականի հունիսին։











































